էին կռիվներ, երբ քրդերը կամ ոչխար էին գողանում, և կամ անցնելով սահմանից, սկսում էին իրանց հոտերը արածացնել հայերի արոտների վրա։ Բայց այդ կռիվները միշտ վերջանում էին առանց ծանր հետևանքների, որովհետև քրդերի ցեղապետ Ֆաթթահ-բեկը տանուտեր Խաչոյի ոչ միայն լավ բարեկամն էր, բայց և քիրվան էր։ Նա կնքահայր էր դարձել տանուտերի թոռներից մի քանիսին մկրտության խորհրդի ժամանակ, իսկ տանուտերը փոխադարձաբար կնքահայր էր եղել բեկի մի քանի որդիների թլփատության ծեսը կատարելու ժամանակ։ Այսպիսով հայ տանուտերի և քուրդ բեկի մեջ կազմվել էր խիստ սերտ հարաբերություն։
Բայց ինչո՞ւ նա տխրեց, երբ լսեց բեկի գալուստը։ Խաչոն ժլատ մարդ չէր, որ վախենար նրան իր մի խումբ ծառաների հետ հյուրասիրելուց։ Խաչոյի սեղանը հայր Աբրահամի սեղանի նման ամեն մարդու առջև բաց էր։ Ամեն օր իրա տանը հաց էին ուտում բազմաթիվ պանդուխտներ և օտարականներ։ Խաչոն միշտ մի առանձին բավականությամբ էր արտասանում այն խոսքերը, թե իր կյանքում առանց հյուրի սեղան չէ նստել։ «Հացը, ասում էր նա, աստուծո տվածն է և նրան է պատկանում։ Աստուծո աղքատները պետք է կերակրվեն նրանից»։ Բայց ինչո՞ւ տխրեց նա, երբ լսեց բեկի գալուստը...
Նա լուռ մտածության մեջ դուրս եկավ տանից, այնտեղ դռանը կանգնած, սպասում էր, որ ընդունե հյուրին։ Մի քանի գյուղացիներ, տեսնելով տանուտերին, մոտեցան նրան։
— Ասացին, բեկը գալիս է,— խոսեց նրանցից մեկը։— Ով գիտե ինչ փորացավ կունենա։
— Քուրդը, երբ հայի տունն է գալիս, առանց փորացավի չի լինում,— պատասխանեց տանուտերը ներքին դժգոհությամբ։
Բլուրների ետևից երևացին նիզակների սուր ծայրերը, և մի քանի րոպեից հետո հայտնվեցան մի խումբ ձիավորներ։
— Գալիս են,— ասաց գյուղացիներից մեկը։
Տանուտերի աչքերը հեռվից լավ չէին տեսնում, նայեց դեպի այն կողմը և ոչինչ չնկատեց։
— Նրանք են,— ձայն տվեց մի ուրիշ գյուղացի։
— Տղերք,— ասաց տանուտերը իր մոտ կանգնած գյուղացիներին,— դուք այստեղ մնացեք, նրանց ձիաները բռնեցեք, խոտ և գարի տվեցեք, մինչև մերոնք կգան դաշտից։
Մոտեցավ բեկը մի խումբ զանազան տեսակ որսորդական շներով և քսանից ավելի ձիավորներով, որոնք իր հեռու և մոտ