ազգականներն էին, և որոնց թիկնապահների նման իրանից չէր հեռացնում։ Նա այսօր նստած էր մի գեղեցիկ կապտագույն արաբական նժույգի վրա, որի բոլոր ասպազենը զարդարված էր արծաթով և փայլուն ակներով։ Ինքը բեկը քառասուն տարեկան հասակից անցած մի տղամարդ էր, բայց տեսնողը կմտածեր, թե երեսուն տարեկան երիտասարդ է, վայելչակազմ, հսկայատիպ և այրական դեմքով։ Նրա հագուստը ոտքից ցգլուխ բաղկացած էր բեհեզից, թանկագին կերպասից, ասեղնագործած ոսկի թելերով, զենքերը նույնպես զարդարած էին ոսկով և արծաթով։
Տանուտերը, տեսնելով նրան, մի քանի քայլ առաջ գնաց և կանգնեց խրամի մոտ, որ փորած էր ջուր անցկացնելու համար։ Խրամի վրա ձգած էր մի կամուրջ, որտեղից պիտի անցկենար բեկը, բայց նա, փոխանակ կամուրջից անցկենալու, խթեց իր ձիու կողքը, ձին փռնչաց, ծտի նման թռավ ահագին խրամից, և մի քանի զարմանալի պտույտներ գործելով, սիգալով կանգնեց տանուտերի մոտ։
— Ի՞նչպես է, հավանում ե՞ս, քավոր Խաչո,— հարցրեց բեկը, ձեռքով գգվելով նժույգի սիրուն բաշը,— դու ձիաներ ճանաչում ես, ի՞նչպես է։
— Աստված թող հեռու պահի չար աչքից, շատ գեղեցիկ է, ինքը Քորօղլին էլ չէ ունեցել մի այսպիսի ձի, ուղիղ քեզ արժանի է,— պատասխանեց տանուտերը մոտենալով և իր ձեռքը քսելով նժույգի պարանոցին։— Ո՞րտեղից գտար, դու այսպիսի ձի չունեիր։
— Նոր ընծա եմ ստացել Արզրումի վալիից,— պատասխանեց ուրախացած բեկը։— Վալին այդ նժույգը իր զույգ աչքերու հետ չէր փոխի, բայց ուղարկեց իր բարեկամին, նա այդ ձին ընծա էր ստացել Հալեբի շեյխից։
— Գեղեցիկ ձի է,— կրկնեց տանուտերը։
Բեկը ոգևորված այդ գովաբանություններով, կրկին խթեց, նժույգի կողքը։ Նա մի քանի զարմանալի թռիչքներ գործեց, մի քանի ճարպիկ պտույտներ տվեց տանուտերի դռան հրապարակի վրա, և այդ բոլոր գործողությունների մեջ երևում էր ազնիվ երիվարի գեղեցիկ հատկությունները և նրա սանձը կառավարող տղամարդի հմտությունը ամեհի ձիաներ զսպելու մեջ։
Հետո նա ցած իջավ, և սանձը հանձնելով իր ծառաներից մեկի ձեռքը, պատվիրեց, որ ման ածե, որովհետև ձին բավական քրտնած էր։
Տանուտերը իր պատվելի հյուրի ձեռքից բռնած, մտան օդան