Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորոված ամբողջ գառներ։ Մի քանի ամանների մեջ դրած էին զանազան տեսակ քաղցր շերբաթներ, կամ մածունից պատրաստած թանապուր, որ խմում էին մեծ շերեփներով։ Ոգելից ըմպելիքներ չկային։ Սկսեցին ուտել և խմել։

— Դուք ձեր ոչխարները դեռ չե՞ք ուղարկել արոտ,— հարցրեց բեկը տանուտերից։

— Դեռ չենք ուղարկել,— պատասխանեց տանուտերը,— դեռ եղանակի վրա հույս չէ կարելի դնել․ այդ մեր ապրիլ ամիսը իր վերջին գժություններն ունի, սպասում եմ, մինչև անցկենա։

— Ջերմ ու ցուրտը աստուծո ձեռքումն է, քավոր Խաչո, ինչ որ լինելու է, կլինի,— պատասխանեց բեկը։— Մեր ոչխարները մի շաբաթից ավել կլինի, որ տարել են արոտ։ Բայց գիտե՞ք այս տարի որքան շուտ սպառվեցավ մեր պաշարը. հովիվները քանի օր է ուտելու հաց չունեն։

Տանուտերը հասկանալով, թե ինչ է ուզում ասել բեկը, պատասխանեց.

— Մի՞թե մեր հացը ձերը չէ՞, հրամայեցեք, որքան ալյուր պետք է, ես կուղարկեմ։

— Թող շեն ու հաստատ մնա ձեր տունը,— ասաց բեկը,— իհարկե այդպես է. ո՞վ է մեր մեջ ջոկություն դրել։ Ինչ որ իմն է՝ քոնն է, ինչ որ քոնն է՝ իմն է։ Այդպես չէ՞, քավոր Խաչո։

— Աստված էլ գիտե, որ այդպես է․․․ Որքա՞ն ալյուր ուղարկեմ։

— Առ այժմ մի տասն եզան բեռն բավական է, երբ սպառվի, էլի կտանենք, ձեր ամբարները խո պրծնելու չեն։

Տանուտերը մի ակամա ժպիտ գործեց իր տխուր դեմքի վրա, և գլուխը շարժեց, որ նշան էր նրա համաձայնությանը։

Ճաշից հետո Ստեփանիկը ձեռքերը լվանալու ջուր բերեց, բոլորը լվացվեցան, և ապա պատանին իր ձեռքով սուրճ տվեց։ Բեկը հրամայեց իր սպասում կանգնած ծառաներին, որ գնան դրսում իրանց ընկերների հետ ճաշեն, ուր պատրաստված էր առանձին սեղան, բակի մեջ տարածված կապերտների վրա։ Հյուրանոցում մնացին բեկը, իր մի քանի ազգականները և տանուտեր Խաչոն։ Այժմ խոսակցության առարկան Արզրումի վալիի ընծայած ձին էր։ Բեկը պատմում էր նժույգի ցեղական ազնվությունը և ասում էր, թե նրա տոհմային վկայականները հասնում են մինչև երևելի Անթարի ժամանակներին, թե այդ ձին սերվում էր արաբական ամենաընտիր նժույգների տոհմից և այլն։