Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց շատ թանկ պիտի նստի իմ վրա այդ գեղեցիկ ընծան,— վերջացրեց բեկը իր պատմաթյունը։

— Ի՞նչպես,— հարցրեց տանուտերը։

— Միթե չե՞ս իմանում, ամենափոքրը՝ պետք է հարյուր ոսկի պարգևել վալիի ծառային, որ բերել է այդ ձին։

Տանուտերը այժմ հասկացավ բեկի «փորացավը», թե ինչ մտքով էր եկել իր տունը։ Բայց որպես ասում են, «խոսքը կտուր գցելով», պատասխանեց.

— Ինչ կա,— ավելացրեց,— հարյուր ոսկին շատ չէ մի այդպիսի ձիու համար։

— Քրդին ով է տվել փող,— ասաց բեկը մի փոքր բարկացած ձայնով,— այդ անիծած արծաթը ձեր, հայերիդ մոտ է գտնվում միշտ։

Բեկի մոտ նստած ազգականները, որ բոլոր ժամանակ լուռ էին, խոսակցության մեջ մտան։ Նրանցից մեկը ասաց.

— Դուք էլ մի՞թե փողի դարդ եք քաշում, բեկ, քավոր Խաչոն ե՞րբ է թողել, որ դուք փողի կարոտություն ունենաք։

— Աստված վկա է, որ այդպես է,— ասաց մյուսը։

— Քավոր Խաչոն շատ լավ մարդ է,— ավելացրեց երրորդը,— նրա հատը բոլոր հայերի մեջ չկա։

Ծերունի Խաչոն նկատեց, որ հակառակ իր հաճության և կամքին, իր վզին դրեցին հարյուր ոսկին, և կասկածանքի տեղիք չտալով, պատասխանեց.

— Ես հազար ոսկու համար ևս բեկի սիրտը չեմ կոտրի։

— Շեն մնա ձեր տունը,— ձայն տվեցին քրդերը։

Տանուտերը վեր կացավ, և դուրս գալով օդայից, իր մոտ կանչեց մեծ որդուն և ասաց, որ ծածուկ գնա հարդանոցում թաքցրած ոսկիներից հարյուր հատ բերե։

— Ինչի՞ համար է,— հարցրեց որդին։

— Դու չե՞ս իմանում, որ անօրենները եկան, կերան, խմեցին, հիմա պետք է մի «դիշքիրասի» էլ տանք,— պատասխանեց հայրը տխուր ձայնով։

— Աստված ձեր քոքը (արմատը) կտրե, անիծածներ,— ասաց որդին, և քթոցը վեր առնելով, դիմեց դեպի հարդանոցը, որպես թե գնում է հարդ բերելու։

«Դիշքիրասի» նշանակում է ատամների վարձ, մի այսպիսի վարձ ստանում էին քրդերը մի ժամանակ, երբ շնորհ էին անում հայի հացը ուտել, կամ նրա տանը հյուր լինել։ Հյուրընկալը պարտավոր