էր վճարել, եթե չտար, գուցե կենթարկվեր իր հյուրի անգութ գանահարությանը։ Այժմ թեև այդ սովորությունը մասամբ վերացել էր, բայց ոսկիներ դարձյալ ստացվում էին, միայն ստանալու եղանակը փոխվել էր և ավելի քաղաքավարի ձև էր ստացել։
Մինչև ծերունու դառնալը, հյուրանոցում քրդերի մեջ անց էր կենում հետևյալ խոսակցությունը․
—Եթե չբերե ծերուկը ոսկիները, ես կհրամայեմ այս րոպեիս նրա տանը կրակ տան,— ասաց բեկը կատաղած կերպով։
—Հարկավոր չէ,— հանգստացնում էր նրան ազգականներից մեկը,— Խաչոն բարի հայ է, հարկավոր չէ նրան վշտացնել։ Նրա գուռը միշտ թաց է եղել մեր առջև, և ինչ որ կամեցել ենք, տարել ենք։ Խաչոն լավ մարդ է, պետք չէ նրա աղ ու հացը մոռանալ։
Նույն միջոցին ներս մտավ ծերունին և ոսկիների քսակը դնելով բեկի առջև, ասաց.
—Աստված է վկա, որ հոգուս համար էի պահել, որ Երուսաղեմ ուխտ գնամ և մուղգուսի դառնամ, բայց ձեր խաթրը չկոտրեցի, բեկ։
—Սուտ մի՛ խոսիր, քավոր Խաչո, շա՛տ ունես, շա՜տ, այդ ես իմանում եմ,— պատասխանեց բեկը, վեր առնելով քսակը և առանց համբարելու, իր գրպանը դնելով։
Երեկոյան զով ժամանակն էր արդեն։ Բեկը հրամայեց ճիտները պատրաստեն, որ ճանապարհ ընկնի։ Նա դուրս եկավ ադայից և բակում տանուտերի հետ ման էր գալիս, մինչև ամեն ինչ կպատրաստեին։ Նա տեսավ Ստեփանիկին, որ այծյամի հետ խաղում էր։ Մոտեցավ նրան։
—Լա՜վն է,— հարցրեց նրանից։
—Լավն է, բայց այդ մեկ ոտը շները կծել են, վիրավորվել է, այդ ոչինչ, ես կբժշկեմ։ Խեղճ անասուն, երևի, ցավում է, դրա համար ոչինչ չէ ուտում,— պատասխանեց պատանին, կապելով այծյամի վերքը։
—Ստեփանիկ, ես տեսնում եմ, դու անասուններ սիրում ես, դրա համար ես կուղարկեմ քեզ իմ նորահաս քուռակներից մեկը։
—Ձիաներ չեմ սիրում։
—Ապա ի՞նչ ես սիրում։
—Ահա այսպիսի այծյամներ, եղջերուներ, կաքավներ եմ սիրում։
—Շատ լավ, դրանից հետո իմ որսերից որն կենդանի մնացած կլինի, քեզ համար կուղարկեմ։