Ծաոաները իմացում տվին, թե ձիաները պատրաստ են։
Բեկը շնորհակալություն հայտնելով տանուտերին, դուրս եկավ նրա տնից, դռան առջև կանգնացրել էին գեղեցիկ նժույգը։ Ինքը ծերունի Խաշոն ձիու ասպանդակը բռնելով, նստեցրեց բեկին։ Դա պատվի մեծ նշան էր, որով տանուտերը ցույց էր տայիս իր ծառայությունը դեպի պատվելի հյուրը։ Նստելով ձիու վրա, քուրդ ցեղապետը շարժեց ձեռքի երկայն նիզակը, խաղացրեց ձին, և մնաք բարով ասելով տանուտերին, հեռացավ։ Ծերունին երկար անշարժ կանգնած, նրա ետևից նայում էր։ Նա տեսավ, թե որպես բեկը իր ձին կրկին թռցրեց խրամից, արհամարհելով կամուրջը, որի վրայից անց էին կենում, նրա կարծիքով, թույլ և անզոր արարածները միայն։ Նա տեսավ, թե որպես հետամուտ եղավ նա թփերի միջից հայտնվող նապաստակին, և արծվի արագությամբ նրա ետևից հասնելով, ցցեց նիզակը խեղճ անասունի կողքին։ Այդ բոլորը տեսնում էր նա, միևնույն ժամանակ նրա գլխում անց էին կենում այսպիսի մտածություններ. «Ինչո՞ւ այսպես է երկրի և երկնքի դատաստանը, քուրդը հաց չունի ուտելու, հայը վարում է, ցանում է և նրա համար պաշար է պատրաստում... քուրդը գեղեցիկ նժույգ ընծա է ստանում, նստում է, զվարճանում է, գետինը դողացնում է իր ոտների տակ, իսկ հայն է տալիս նրա փողը... հայը, որ բացի ավանակից մի ուրիշ անասունի վրա նստելու իրավունք չունի».․․
Ը
Նույն ավուր գիշերային պահուն ծերունի Խաշոյի որդիները բոլորը դարձել էին դաշտային աշխատություններից։ Սրահի մի անկյունում վառվում էր յուղային ճրագը և նրա բեկբեկվող լույսը տարածում էր իր չորս կողմը աղոտ ճառագայթներ։ Տանուտերը իր որդիների հետ բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, նրանք լուռ ուտում էին. խոսում էր երբեմն ծերունի հայրը միայն։ Գարնանային թարմ օդը անուշ զովությամբ թափվում էր սրահի մեջ, և հեռվից լսելի էր լինում ոչխարների բառաչելու ձայնը, որ դառնում էին արոտից։ Թոնրատնում հարսները ընթրիք էին պատրաստում հովիվների և մշակների համար։ Նրանք դեռ ոչինչ չէին կերել, պետք է բոլորին կերակրեին, հետո իրանք ևս սեղան, նստեին աղջիկների