զոռով կտանեն։ Այդ էլ լավ է, որ խնդրելով և բարեկամության անունով են կողոպտում մեզ։
— Մենք ինքներս ենք սովորեցրել նրանց այդ ավազակությունը,— ասաց որդին,— կարող ենք չտալ, այն ժամանակ քուրդը ստիպված կլինի ինքն ցանել, և իր քրտինքով աշխատել իր հացը, բայց մենք սովորեցնում ենք նրանց ծուլություն, սովորեցնում ենք մեր հաշվով ապրել։
— Այդ ուղիղ է,— պատասխանեց հայրը տխուր ձայնով.— բայց մեզ դժվար է և շատ դժվար է միանգամով ոչնչացնել այն, ինչ որ մեր պապերը տնօրինեցին մեզ համար։ Մենք քաղում ենք նրանց ցանած հիմարությունների դառն պտուղը։ Հիմա լսիր, որդի, ես իմանում եմ, որ քո սրտի մեջ եփ է գալիս ատելությունը, ես իմանում եմ, որ ստրկությունը սաստիկ վշտացնում է քեզ. բայց դարձյալ հարցնում եմ, ի՞նչ ճար կա, ի՞նչ կարող ենք անել: Եթե ինչ որ ուզում են, չտանք՝ կթշնամանան մեզ հետ. մեկ էլ տեսար, ոչխարների ամբողջ հոտը սարից հափշտակեցին, տարան։ Ո՞ւմը կարող ենք գանգատվել, ո՞վ կլսե մեր ձայնը։ Այն մարդիկը, որ նշանակվել են չարությունը բառնալու և արդարությունը պաշտպանելու համար, բոլորը ավազակներ են, սկսյալ վալիից, փաշայից, մինչև վերջին մուդիրը և գայմագամը։ Մի ավազակ մի ուրիշ ավազակի հետ քույր և եղբայրներ են, և ինչպես ասում են «շունը շնից, երկուսն էլ մի տնից»։ Դու ինքդ քո աչքով տեսար, Արզրու մի վալին, փոխանակ շղթաներ ուղարկելու, որ մի այսպիսի երևելի ավազակապետին, որպես Ֆաթթահբեկն է, տանեն և խեղդեն, փոխանակ այդ անելու, նրա համար մի գեղեցիկ ձի ընծա է ուղարկում, մի եղեռնագործի համար, որ մեր ամբողջ գավառը լցրել է արյունով և արտասուքով։ Երբ որ վալին, երկրի նահանդապևտր, այսպես է վարվում, էլ ո՞վ է մնում, որ մենք հայտնենք նրան մեր սրտի ցավը, մնում է միայն աստված, բայց աստված էլ մեր ձայնը չի լսում, երևի շատ են մեր մեղքերը...
Որդին ոչինչ չպատասխանեց, հայրը շարունակեց,
— Մենք հայ ենք. աստուծո անեծքը դրած է մեր ճակատի վրա. մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք։ Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը։ Քուրդը մեղավոր չէ։ Եթե մեր մեջ միություն լիներ, եթե մեր մեջ սիրտ լիներ, քուրդը, հիմար և ծույլ քուրդը ի՞նչ կարող էր անել։