Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հրամայեց կրկին վառել չիբուխը, և որդին կատարելով հոր ցանկությունը, խոսեց․

— Մենք վեց եղբայրներ ենք, հայր, եթե դու այսօր մի ակնարկություն արած լինեիր, մեր վեցը բավական կլիներ արտաքսելու մեր տնից Ֆաթթահ-բեկի մոտ երեսուն ձիավորներին, և նրանք մյուս անգամ չէին համարձակվի այսպես լրբությամբ ոտք կոխել մեր շեմքի վրա։

— Այդ ես իմանում եմ, որդի, բայց ի՞նչ շահ։ Դուք կկռվեիք նրանց հետ, գուցե մեկին, երկուսին, շատերին կսպանեիք, բայց էգուց քրդերի ամբողջ ցեղը կթափվեր մեր տան վրա, և մեզ մեր տան հողի հետ հավասար կանեին։ Ո՞ր հայը կգար մեզ պաշտպանելու։ Ոչ ոք։ Կարելի է շատերը կուրախանային։ Այդպես է հայը։ Բայց քուրդը այդպես չէ։ Եթե մի ցեղից մեկին սպանում ես, ամբողջ ցեղը վրեժխնդիր է լինում նրա արյան համար, որովհետև քրդերի մեջ միություն կա, ցեղի մեկ անդամի արյունը ամբողջ ցեղին է պատկանում, կարծես թե բոլորը մի ընտանիքի զավակներ շինեին։ Բայց մեր մեջ կա՞ այսպիսի միություն։ Ամեն մարդ իր գլխի դարդն է քաշում, ամեն մարդ իր անձի համար է մտածում. ուրիշին ինչ լինում է, թոզ լինի. նրան ինչ հոգ, երբ ինքը հանգիստ է, երբ իր մազին չեն դիպչում։ Բայց չեն իմանում տխմարները, որ «մեկը ամենի համար է, իսկ ամենը մեկի համար»։

Ծերունի Խաչոն կարդացած մարդ չէր, բայց կյանքը, փորձը, աշխարհը շատ բաներ սովորեցրել էին նրան։ Բնական խելքը զարգացել էր կյանքի փոթորիկների մեջ, այս պատճառով նրա դատողությունների մեջ երբեմն գտնվում էին այնպիսի ճշմարտություններ, որ միայն կարող էին մատչելի լինել այն տեսակ անձերի, որոնք շատ խորին կերպով իմաստասիրել էին մարդկային կենցաղավարության պայմանները։ Նա խոսեց․

— Հանգամանքները մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ ուրիշ կերպ գլուխ պահել չենք կարող. ստիպված ենք աշխատել, վաստակել և մեր աշխատանքով մեր թշնամուն կերակրել։ Ուրիշ ճար չկա։ Մենք պետք է բարեկամություն պահպանենք մեզ կողոպտողի հետ։ Ֆաթթահ-բեկը, իրավ է, մեզ կողոպտում է, բայց դարձյալ չենք կարող մերժել նրա բարեկամությունը, որքան էլ կեղծ լիներ։

— Ինչո՞ւ,-հարցրեց որդին։

— Նրա համար որ, մեծ ավազակի հետ բարեկամ լինելով, մարդ ազատվում է փոքր ավազակների ձեռքից։ Դրանք բոլորն միմյանց