Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ կապված են։ Հիմա օտար քրդերը գիտենալով, որ Ֆաթթահ-բեկը մեզ հետ լավ է, էլ մեր ոչխարներին, անասուններին և վարուցանքին չեն դիպչում, և եթե մի բան գողանում են, նա գտնում է և ետ է դարձնում մեզ։

— Դրանից ի՞նչ շահ. հաշիվը միևնույնն է դուրս գալիս,— պատասխանեց որդին,— Ֆաթթահ-բեկը մեզ «մի ձու է տալիս, բայց փոխարենը մի ձի է ստանում»։ Նա չէ թողնում, որ մի ուրիշ քուրդ մեր ոչխարը գողանա, բայց ինքը, հարկավորած ժամանակ, հարյուրներով ոսկիներ է առնում մեզանից։ Մենք նրա կաթնատու կովն ենք, պահում է, պաշտպանում է նրա համար միայն, որ ինքը վայելե մեր կաթը։

— Այդ բոլորը ճշմարիտ է, որդի, ես հասկանում եմ,— պատասխանեց հայրը.— բայց պետք է այն ևս հասկանալ, որ հայը մեր պապերից շատ առաջ սովորել է այդ կերպով իր գլուխը պահել։ Ես, իհարկե, չեմ կարդացել, թե ինչ է գրված գրքերի մեջ, բայց մի ժամանակ Ուչքիլիսայի վանքում կար մի վարդապետ, նա ինձ պատմում էր, թե ամեն ժամանակ, երբ մեր երկրի վրա հարձակվել են թշնամիներ, հայերը փոխանակ սրով և կրակով դուրս գալու նրանց առջև, հանդիպել են թշնամուն թանկագին ընծաներով՝ մատուցարանի մեջ լցրած ոսկիներով։ Նրանք մեզ սովորեցրին փոխանակ պատժելու, կաշառել մեր թշնամիներին։ Նրանք սովորեցրին կայքը տալ գլուխը ազատելու համար։

— Բայց պետք չէ, որ մենք պապերի սխալը շարունակենք մինչև հավիտյան,— կտրեց որդին հոր խոսքը։

— Հին սխալը միանգամով ուղղել շատ դժվարին է, նա կատարվել է հարյուրավոր տարիների ընթացքում, և այսքան տարիներ պետք են նրան ուղղելու համար։ Եկ դու ժողովրդին հասկացրու, թե թշնամու հետ այլ կերպ կարելի է վարվել, թե նա էլ մեզ նման մարդ է, թե նրա մարմինը երկաթից շինված չէ, թե երբ նա զենքերով գալիս է մեզ կողոպտելու, կարելի է զենքով պատասխանել նրան. վերջապես հազար ու մեկ այս տեսակ քարոզներ կարդա, դու կարծում ես ժողովուրդը կհասկանա՞ քեզ։ Նա քեզ խենթի տեղ կդնե և կծիծաղե քո հիմարությունների վրա։ Բայց այս հասկացողությունը նրա մեջ նոր բան չէ, նա ժառանգել է իր պապերից։

Որդին չպատասխանեց, նա գտնում էր հոր խոսքերի մեջ մի ճշմարտություն, որ անհերքելի էր։ Բայց միևնույն ժամանակ մտածում էր,