Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միթե չէ կարելի փոխել ժողովրդի նախապաշարմունքը։ Այս պատճառով հարցրեց նա․

— Լավ, դիցուք թե մեր պապերը այս ճանապարհով են գնացել և մենք էլ հետևում ենք նրանց օրինակին։ Բայց պետք չէ՞ փոխել ճանապարհը, երբ տեսնում ենք, որ նա տանում է դեպի կորուստ։ Պետք չէ՞ հասկացնել ժողովրդին, որ նա մոլորված է։

— Հարկավոր է, բայց ո՞վ պետք է հասկացնե։ Այդ պետք է անեն այն մարդիկը, որոնք ընդունել են իրանց վրա ժողովրդին խրատելու, ճանապարհ ցույց տալու և բան հասկացնելու պարտավորությունը։ Այդ պետք է անեն մեր որդիների տերտերները, վարժապետները, բայց նրանք քարոզում են «եթե աջ երեսիդ խփելու լինեն, ձախն էլ դարձրու»։ Այդ պետք է անեն մեր որդիների վարժապետները, բայց մեր հավառում մի հատ օրինավոր վարժապետ չկա։

— Այդ խոսքերի մեջ քեզ հետ չեմ կարող համաձայնվել, հայր,-ասաց որդին,-ապա ինչո՞ւ քուրդը, որ ո՛չ տերտեր ունի, ո՛չ վարդապետ ունի, և ո՛չ էլ վարժապետ ունի, բայց իմանում է, թե մարդ ինչպես պետք է վարվի իր նմանների հետ։ Ո՞վ սովորեցրեց նրան, թե մարդը առանց զենքի կույր հավի նման է լինում, ով հասնի, գլխին կտա։

— Քուրդը տերտեր, վարդապետ և վարժապետ չունի, բայց շեյխ ունի, նրա շեյխը, թեև հոգևոր գլուխ է, բայց ինքն է զենքը կրում, և իր ժողովրդի հետ միասին գնում է հափշտակելու անզեն մարդերի հարստությունը։ Նա երբեք չէ քարոզում, թե այդ բաները մեղք են։ Բայց ի՞նչ են քարոզում մեր տերտերները...

Որդին լուռ էր։ Հայրը շարունակեց․

— Այդ բոլոր անբախտությունների մեջ մի մխիթարություն կա, այն է, որ որքան էլ գողանում են մեզանից, որքան էլ հափշտակում են, դարձյալ մեր ամբարները լիքն են մնում, բայց քուրդը ուտելու հաց չէ գտնում։

— Գիտե՞ք, հայր, այն առածը, թե «գողը իր համար տուն չի կարող շինել, բայց տուն ունեցողի տունը կքանդի»։ Քուրդը թեև չէ վարում, չէ ցանում, չէ հնձում, իր տանը հաց չէ գտնում, միշտ քաղցած է մնում, բայց աշխատող հայի հացը ձեռքիցը խլելով, նրան էլ իր նման քաղցած է թողնում։ Դու մեր տունը օրինակ մի բեր, հայր, մտածիր, թե որքան հայեր կան, որոնք քրդերի պատճառով աղքատ են և ուտելու հաց չունեն։

— Այդ իրավ է, բայց մի ուրիշ բան էլ կա, այն էլ