Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես Իսլամի մարմնացած ոգին, որպես հալածասիրության և մոլեռանդության մի կենդանի օրինակ։ Նրա ձայնը ազդու էր և սուր, իսկ բարբառը զուրկ չէր ոգևորող պերճախոսությունից։ Ղուրանի աշակերտը,— որի մեջ այնքան բանաստեղծական հափշտակությամբ երգվում է սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արյունային գույներով,— Ղորանի աշակերտը միայն կարող էր այսպես ոգևորել մի վայրենի բազմություն մարդկանց մորթելու համար։

Շեյխի ճառը մի համառոտ եզրակացություն էր այն աստվածեղեն գրքի բովանդակությունից, որին հետևում է ամբողջ մահմեդական աշխարհը։

Երբ վերջացրեց նա, կրկին դարձավ դեպի բազմությսւնը այս խոսքերով.

«Աստված ձեզանից ուխտ է պահանջում, և թո՛ղ ձեզանից ամեն մեկը կատարե իր երդումը»։

Նույն միջոցին ամբողջ բազմությունը վեր առավ գետնից մի—մի քար և ձգեց հրապարակի վրա, ուր բարձրացավ մի ահագին բլուր, որպես արձան մի սոսկալի ուխտադրության։ Եվ այս գործողության ժամանակ օդը թնդաց հազարավոր ձայներից, որոնց խառնակության միջից պարզ որոշվում էր այս խոսքը. «Եվ թող մեր թալալխը[1] այս քարի նման ձգված լինի, եթե հավատարիմ չմնանք սուրբ գործին:

Երբ բոլոր արարողությունները վերջացան, Շեյխը կրկին կարդաց օրհնության մաղթանք և իջավ իր բեմից: Նա կրկին մտավ իր վրանը:

Նույն միջոցին կրկին լսելի եղավ թմբուկի ձայնը։ Ամեն մարդ վազեց իր ձին նստելու, վրանները հավաքվեցան, և մի քանի ժամից հետո ամբողջ բանակը պատրաստ էր ճանապարհ ընկնելու։ Նա շարժվեցավ, երբ Շեյխը իր ձին նստած, կարմիր դրոշը ձեռին, առաջ ընկավ։

Այն ժամանակ նրա դեմքը ծածկված էր մի սպիտակ երեսկալով, որ անհավատների աչքերը չտեսնեին նրա սուրբ երեսը։ Ավելի քան տասն հազար քուրդեր հետևում էին այդ սարսափելի ծե

  1. Թալախ նշանակում է բախտ կամ ամուսնական կապ. նա քանդված է համարվում, երբ քուրդը նրա անունով երդվելուդ հետո ուխտազանց է լինում. «Թո՛ղ իմ կինը ինձ հառամ (արգելված) լինի, ասում է քուրդը եթե չկատարեմ խոստմունքս»։ Ամուսնական կապը նույնքան հարգելի քուրդի համար, որքան մի քաջի համար, որ ունի ասպետական զգացմունքներ։