— Հարկավոր չէ,— պատասխանեց բեկը րոպեական մտածությունից հետո,— եթե վալիին տեղեկություն տան, ես նրան ուրիշ կերպով կգոհացնեմ և նա սուս կկենա…
Կրպոն, որպես թե մի նոր բան միտը բերելով, ձեռքը տարավ իր լայն ծոցը և այնտեղից դուրս բերեց թաշկինակի մեջ փաթաթած մի արծաթե արկղիկ, որը զարդարած էր գեղեցիկ քանդակներով։ Արկղիկը տվեց բեկին, ասելով․
— Այդ բանը չթողեցի, որ Ալոյի տանը մնար, փոքր էր, կարող էր կորչել։
Բեկը բաց արեց արկղիկը, նրա մեջ իրանց պատշաճավոր տեղերում դարսված էին զանազան տեսակ կանացի զարդեր՝ մատանիներ, ապարանջաններ, մանյակներ — բոլորը ոսկուց և զարդարած թանկագին քարերով։
— Դրա տերը մի հրեա էր, ասում էր, որ այդ իրեղենները Պոլսում շինել է տվել մի պարսիկ իշխանի համար, որը այս ձմեռ պետք է հարսանիք աներ,— խոսեց Կրպոն ծաղրական կերպով։— Խեղճ հարսը զրկվեցավ իր զարդարանքից։ Հրեան շատ էր ճվճվում, որ իրեղենները նրան ետ տան․ ես նրան հանգստացրի, որ ձայնը կտրի։
Հանգստացնելը Կրպոյի լեզվում սպանելու նշանակություն էլ ուներ։
— Հիմա կարող ես գնալ, Կրպո,— հրամայեց բեկը․— հյուրերիդ լավ պատիվ տուր։ Առավոտյան կմտածենք, թե ինչ պետք է անել։
Ավազակապետը գլուխ տվեց և հեռացավ։
Ընթերցողը նկատեց, որ Կրպոն նույն իսկ ավազակապետն էր, որ վաճառականների քարավանը կողոպտել էր, իսկ այժմ հյուրասիրում էր նրանց։ Եվ ավազակների այդ խումբը պատկանում էր Ֆաթթահ-բեկին, որի օգնությանը և պաշտպանությանը դիմել էին կողոպտված վաճառականները, որպես տեղային բարեկարգությանը վրա հսկողի և սահմանապահի։
Կրպոյի հեռանալուց հետո բեկը դեռ երկար նստած, զննում էր իր առջև դրած գեղեցիկ իրեղենները։ Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչու այն փայլուն գոհարները այնքան գրավում էին իրան։— «Ես այս արկղիկը կուղարկեմ Արզրումի վալիին․ դրանից հարմար ընծա չեմ կարող գտնել նրա համար»,— մտածում էր նա։ Հանկարծ նրա միտքը չխվեց, կարծես մի նոր արարած պատկերացավ նրա հիշողության մեջ, որ իր համար այս աշխարհի մեջ