այդ տեսությունը, որ բոլորովին գաղտնի մնար։ Վերջացնելով իր հանձնարարությունները, Սառան հարցրեց.
— Իմ խելացի Ջավո, կարո՞ղ ես այդ բոլորը առանց մոռանալու հաղորդել քո տիկնոջը։
— Ջավոն սուր միտք ունի, Ջավոն չի մոռանա,— պատասխանեց նա, աշակերտի նման մի առ մի կրկնելով Սառայի ասածները, թեև մի քանի սխալներ արեց, թեև նախադասությունները իր եղանակով ետ ու առաջ դարսեց։
Սառան ուղղեց նրա սխալները և Ջավոն մի քանի անգամ կրկնեց իր դասը։
— Հիմա Ջավոն այնպես է ասում, որպես Սառան է ասում,— խոսեց ինքն իրան աղջիկը։ — Ճանապարհին Ջավոն միշտ կկրկնե Սառայի խոսքերը, որ չմոռանա։
— Կարող են ուրիշները լսել,-նկատեց Սառան։
— Ջավոն այնքան անխելք չէ, Ջավոն մտքումը կխոսի։
Աղջիկը նայեց արեգակին, տեսավ, որ բավական թեքվել էր դեպի երեկոյան մուտքը։ Նա վեր կացավ, ասելով, որ այլևս ուշանալ կարող չէ, որովհետև բավական երկար ճանապարհ ունի գնալու մինչև աղայի վրանները։
— Սպասիր, Ջավո, ես քեզ համար մի բան բերեմ, դու լավ աղջիկ ես։
Սառան դիմեց դեպի սենյակը։ Այդ միջոցին Ստեփանիկը, որ դեռևս իր այծյամով էր զբաղված, տեսնելով մենակ կանգնած աղջկան, մոտեցավ նրան։
— Դու գնո՞ւմ ես,— հարցրեց նրանից։
— Տեսնո՞ւմ ես արևը շուտով կմթնի,— պատասխանեց աղջիկը ձեռքը դեպի երկինք տանելով։
— Դու մեր տունը եկար, բայց մի բան չկերար,— ասաց Ստեփանիկը։
— Ա՜խ, Ջավոն մոռացավ, որ քաղցած է. Ջավոն այսօր ոչինչ չի կերել։
— Ես քեզ համար ուտելու բան կբերեմ։
Քուրդ աղջիկը հափշտակվելով պատանու բարեսրտությամբ, գրկեց նրան և համբուրեց։ Ստեփանիկը վազեց դեպի տունը և բերեց նրա համար լավաշների մեջ փաթաթած մեղր և կարագ։
— Հիմա նստիր ու կե՛ր։
— Ջավոն ճանապարհին ուտելով կգնա։
Նույն միջոցին հայտնվեցավ Սառան, բերելով իր հետ մի գեղեցիկ