— Ես ամբողջ օրը դրա վրա էի մտածում,— ասաց Սառան. — Նա կմեռնի, անպատճառ կմեռնի։
Երկու ամուսինների մեջ տիրեց լռություն. երկուսն էլ այն խորհրդածության մեջ էին, թե ինչ պետք էր անել։
— Հորս հայտնել հարկավոր չէ,— ընդհատեց Հայրապետը տիրող լռությունը։
— Բայց եղբայրներիցդ չէ կարելի ծածուկ պահել,-ասաց նրան Սառան։
— Եղբայրներիս ես կհայտնեմ։
— Ուրեմն ժամանակ կորցնելու չէ, հենց այս գիշեր հայտնիր,— շտապեցնում էր Սառան. — ամեն մի րոպե թանկ է մեզ համար, ինչ որ անելու եք, շուտով արեցեք, ո՞վ գիտե, էգուց ի՞նչ, կպատահի։
Հայրապետի եղբայրներից մի քանիսը տանն էին, իսկ մի քանիսը դեռ չէին վերադարձել դաշտից։ Նա վեր կացավ, պատվիրեց իր կնոջը, որ հարսներից ծածուկ պահե իր տեղեկությունները, մինչև եղբայրների հետ խորհուրդ կանեին։ Նա առեց իր հետ տանը գտնվածներին և միասին դուրս գնացին։ Ճանապարհին հայտնեց նրանց, թե մի առանձին խոսելիք ունի, միայն պետք է բոլոր եղբայրները մի տեղ հավաքվեին։ Նա ընտրեց խորհրդի համար մի խուլ տեղ, իրանց ջրաղացի փոքրիկ անտառում, որովհետև տանը կարող էին խանգարել նրանց, և գուցե հայրը պատահմամբ կխառնվեր խոսակցության մեջ։
Երբ բոլորը հավաքվեցան, Հայրապետը հայտնեց նրանց ինչ որ լսել էր իր կնոջից։ Ինքնըստինքյան հասկանալի է այն դառն տպավորությունը, որ գործեց եղբայրների վրա հաղորդած լուրը։ Բոլորը քարացածի նման սառած մնացին իրանց տեղում։ Ոչ մեկը չգտավ մի բառ անգամ խոսելու։ Նրանց դրությունը նմանում էր այն տեսարանին, երբ ամառային զով երեկոյան պահուն, ճնճղուկների հազարավոր բազմությունը, կուշտ, ուրախ, օրական աշխատանքից հետո հավաքված ծառերի ոստերի վրա, ճլվլում են, չկչկում են և ամբողջ անտառը լցնում են մի կենդանի աղմուկով։ Հանկարծ նրանց մոտից սլանում է բազեն և ամբողջ խորը միանգամից լռում է...
Այս տպավորությունը գործեց վեց եղբայրների վրա, երբ նրանք լսեցին Ֆաթթահ-բեկի անունը և նրա չար դիտավորությունը։
— Ահա՛ քրդի բարեկամությունը,— խոսեց եղբայրներիցր մեկը․—