բեկը մեր երեխաների կնքահայրն է․ նա էլ է մոռանում մեր տնում կերած աղ ու հացը։
— Ինչ բարեկամություն կարող է լինել գայլի և ոչխարի մեջ աղվեսի և հավի մեջ,- խոսեց Հայրապետը զայրացած ձայնով։ — Բայց մենք ոչխարից էլ վատ ենք, հավից էլ վատ ենք... ոչխարի գոնե եղջյուրներ ունե, երբեմն նրանցով կռվում է, հավը սուր եղունգներ ունե, երբեմն նրանցով ծվատում է... իսկ մենք մեզ պաշտպանելու համար ոչինչ չունենք... Մենք մարդկության կեղտն ենք, նրա կղկղանքն ենք, որ պետք է մաքրել, ոչնչացնել, որ մարդկությունը չապականվի...
Այդ խոսքերը այնպիսի մի մաղձային դառնությամբ արտասանեց նա, որ եղբայրները սարսափեցան։
— Ի՞նչ ենք մենք,-շարունակեց նա առաջին եղանակով.— ժիր և գործունյա մշակնե՜ր... և դրանով պարծենում ենք... բայց Էշը, ձին, եզը, գոմեշը մեզանից ավելի ուժեղ են և մեզանից ավելի շատ են բանում... մենք բանվոր անասուններ ենք և ավելի ոչինչ...։ Քրդի նիզակը ավելի մեծ գործ է կատարում․ քան թե մեր աշխատասեր արորը և գութանը... Մենք վաստակում ենք, նրանք ուտում են... մենք գեղեցիկ աղջիկներ ենք հասցնում, նրանք են վայելում մեր աղջիկների սերը... Ինչ որ գեղեցիկ է, ինչ որ լավ է, մեզ համար չէ... մեզ համար են պահված բոլոր տգեղությունները, որովհետև մի լավ բանի արժանավորություն չունենք...
— Քանի օր առաջ,— շարունակեց նա,— մի այսպիսի խոսակցություն ունեի հորս հետ. հայրս աշխատում էր ինձ համոզել, թե մեր դրությունը այնքան աննախանձելի չէ, որքան մենք կարծում ենք, և ցույց էր տալիս մեր օդի մեջ կանգնած հարստությունը, որին բավական են մի խումբ քրդեր, մի արշավանք, և ահա բոլորը ոչնչացավ։ Հիմա եկ, դու նրան ասա՛, թե տնիցդ քարշելու, տանելու են քո սիրելի զավակը, և դու աչքերդ բաց֊բաց պիտի նայես․․․ և մի խոսք անգամ ասելու համարձակություն չպիտի ունենաս... Ա՞յդ էլ լավ դրություն է։ Այդպիսի դրության կարող է համբերել հայը միայն, անամո՜թ, անպատի՛վ հայը միայն... Եկ, դու գնա՛, վագրի որջից դուրս քաշիր նրա ձագը, նա իսկույն քեզ իր բույնի մեջ պատառ֊պատառ կանե։ Այսպես է և քուրդը։ Բայց մենք ի՛նչ ենք... մենք ոչինչ ենք...
Հայրապետի խոսքերը այն աստիճան բարկությամբ վառեցին իր եղբայրներից մի քանիսի սիրտը, որ նրանք միաձայն վճռեցին ընդդիմանալ, մեռնեք և չտալ Ստեփանիկին քրդի ձեռքը։