բերելով այն փաստերը․ թե չէ կարելի փոխել աստուծո կարգադրությունները․ ինչ որ լինելու է կլինի․ թե աստված քուրդին քուրդ է ստեղծել, հային՝ հայ, քրդին զենք է տվել, հային՝ բահ, թե մեկը մյուսի տեղը բռնել չէ կարող, թե այդ բոլոր բաները աստուծո ձեռքումն են և վերջացրեց իր խոսքերը հետևյալ օրինակով․
— Ագռավը շատ կցանկանար սիրամարգի փետուրներ ունենալ, բայց ո՞վ կտա։ Աստված մեկին այսպես է ստեղծել, մյուսին այնպես։
Ապոն պատասխանեց նրան․
— Դուն մոռանում ես, եղբայր, որ ագռավը և սիրամարգը զանազան թռչուններ են, բայց քուրդը և հայը երկուսն էլ մարդիկ են։ Քուրդը մորից զենքով չէ ծնվում, նա ծնվում է նույնպես մերկ, նույնպես թույլ, որպես հայը։ Ինչո՞ւ ես դու ամեն բան աստուծո վզին դնում, միթե՞ նա է քրդի ձեռքը զենք տվել, որ գա մեզ կոտորե, որ գա մեր աղջիկները մեր տնից քարշե ու տանե․ միթե՞ նա է մեզ այդպես խեղճ և վախկոտ շինել։ Աստված այդ բաների մեջ չէ խառնվում, նա մեզ խելք է տվել, որ ընտրենք՝ ինչ որ լավ է, ինչ որ օգտավետ է։ Եթե դու կգնաս այս րոպեիս քեզ այդ գետը կգցես, աստված երբեք քո ձեռքից չի բռնի, որ արգելե, դու ինքդ ես քեզ կորցնում․․․
Հայրապետը, երեց եղբայրը, խորին լռությամբ լսում էր վիճաբանությունները։ Նա պատրաստ էր վեր կենալ և Ապոյի ճակատը համբուրել, բայց չկամեցավ վիրավորել մյուս եղբայրներին։
— Տեսնում եք,— ասաց նա ծանր կերպով․— մենք վեց եղբայրներ ենք հավաքված այստեղ, բայց միմյանց չենք հասկանում և միմյանց հետ չենք միաբանվում։ Բայց որքան դժվար է միաբանել մի ժողովուրդ և մի ամբողջ ազգ․․․ Քանի որ մենք այսպես կլինենք, մեր վիճակը միշտ այսպես կմնա․․․ Մեր գլխին կտան մեր երեսին կթքեն, մեր կինը, մեր աղջիկը, մեր ապրանքը, մեր հողը մեր ձեռքից կխլեն… և մենք ստիպված կլինենք համբերնք ամեն տեսակ անպատվությունների, ամեն տեսակ չարչարանքների և մի ողորմելի գրաստի նման պետք է մեր թշնամոլ համար աշխատենք, որ նա գոհ և բախտավոր ապրի։ Իսկ մենք պիտի փառք տանք աստծուն, որ գոնե խնայում է մեր կյանքին, գոնե թույլ է տալիս մի չնչին զեռունի նման քարշ գալ երկրի վրա․․․
Խորին տխրությամբ վերջացնելով իր խոսքերը, հայրապետ առաջարկեց, որ Ստեփանիկին հեռացնեն իրանց տնից և առժամանակ պահեն ս. Հովհաննու վանքում, մինչև հնար կգտնեն այն