տեղից տանել, ռուսաց սահմանը անցկացնել, և այնտեղ ռուսաց հողի վրա նա ազատված կլինի։
Օհանը և Հակոն չհամաձայնվեցան մինչև անգամ այդ առաջարկությանը, ասելով, թե դա կլիներ մի ուրիշ տեսակ ընդդիմադրություն բեկի կամքին։— Թաքցնելով մեր քրոջը, ասացին նրանք, մենք պատճառ կտանք բեկի բարկությանը և հետևապես նրա վրխժխնդրությանը։
Նրանք առաջարկում էին թողնել Ստեփանիկին տանը, դարձյալ կրկնելով միևնույն խոսքերը, թե աստված ինչ որ կամեցել է, այն կլինի, թե աստուծո գրածը մարդ չէ կարող ջնջել և այլն…
Մի քանիսը պահանջում էին հայտնել իրանց հորը, և նա որպես տան մեծը և ընտանիքի գլխավորը, որպես կկամենա, թող այնպես կարգադրե։ Այսպես վիճաբանությունը երկարում էր և ոչ մի հետևանքի չէին հասնում։
Հանկարծ խորհրդի մեջ խառնվեցավ բուն, բոթաբեր և զզվելի բուն։ Ծառերի միջից լսելի եղավ նրա չարագուշակ ձայնը։ Բոլորը սարսափեցան։
— Լսեցե′ք, մենք ուղիղ էինք ասում,— ձայն տվեցին Օհանը և Հակոն,— ահա բուն ևս հաստատում է մեր խոսքը, վերջը վատ կլինի, եթե Ստեփանիկին հեռացնենք տնից։
Միայն Հայրապետն ու Ապոն մնացին հաստատ իրանց համոզմունքի վրա։
Խորհուրդը վերջացավ անորոշ կերպով, առանց մի վճռական եզրակացության հասնելու։
ԺԳ
Բայց ի՞նչ հանելուկ էր այդ․ Ստեփանիկը առաջ տղա, իսկ այժմ աղջիկ։
Պարզենք այդ հանելուկը։ Բայց նրա բանալին թաքնված է մի փոքրիկ և տխուր պատմության մեջ։
Ծերունի Խաչոյի տան բակի մի խուլ կողմում, հովանավորված չորս կաղամախի ծառերով, գտանվում էր մի գերեզման։ Ոչ խաչ, ոչ տապանաքար, և ոչ մի տառ անգամ չկար նրա վրա։ Դա մի փոքրիկ քառակուսի թումբ էր, ծեփած գաջով, որ փոքր ինչ բարձրացած էր գետնի մակերևույթից։ Շատ անգամ գիշերային լռության պահուն, կարելի էր տեսնել ծերունուն, տարածված այդ