Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցորենը խոնավությունից ծլեց, այրվեցավ, փտեց և ոչնչացավ։ Այն ժամանակ գնացի և ասացի, թե ես իրավունքից չեմ անց կենա, տուր ցորենը։ Բայց ո՞րտեղից պիտի տար, ցորենը դարձել էր մի բորբոսած մոխրի կույտ։— Հիմա տասանորդի փոխարեն փող տուր,— ասացին նրան։ Փող չուներ, մի լավ ծեծ տվեցի, հրամայեցի՝ եզները ծախեցին և փողը ստացա։ Հիմա այն գյուղացին այնքան փափկացել էր, որ ձիու բեռը կտանե և մի հատ էլ չի կոտրի։ Ինձ տեսնելիս, մի վերստ հեռավորությամբ կանգնում է և գլուխ է խոնարհեցնում։ Այսպես պետք է վարվել մարդերի հետ։

— Դա խղճմտա՞նք է,— հարցրեց ծերունի Խաչոն այնքան ցած ձայնով, որ կարծես վախենում էր և չէր ուզում, որ իր ձայնը լսվի։

— Ի՞նչ ասել է խղճմտանք,— պատասխանեց կապալառուն արհամարհական կերպով.— կառավարությունը ուրիշ բան է, խղճմտանքը ուրիշ բան։ Դու թեև քառասուն տարի այս գյուղի կառավարիչն ես, բայց դեռ չես հասկացել, թե որպես պետք է կառավարել։ Դու խո լսեցիր Նասրեդին խոջայի առակը էշերի վերաբերությամբ, բայց ես քեզ մի ուրիշ օրինակ էլ կբերեմ։ Տեսնում ես, մի փաշա նշանակվել է մի գավառի կառավարիչ. հենց որ նա անցնում է իր պաշտոնի գլուխը, իսկույն բռնել է տալիս մի քանի հանդիպած մարդիկ, որպես հանցավորներ, բանտարկում է և մինչև անգամ գլխատել է տալիս։ Գուցե այն մարդիկը ամենևին հանցավոր չէին, բայց փաշային պետք էր մի քանի մարդիկ ոչնչացնել ժողովուրդը վախեցնելու համար։ Ահա ի՞նչ է նշանակում կառավարություն։ Ժողովուրդը միշտ պետք է երկյուղի մեջ պահել։ Եթե ես այն գյուղացու կալի հետ այնպես չվարվեի, եթե նրա ցորենը չոչնչացնեի, մյուս գյուղացիներն էլ ինձ մարդու տեղ չէին դնի, և ես այնուհետև չէի կարող ուզածս առնել։

Թոմաս էֆենդին այնպես հասարակ կերպով էր խոսում իր վարմունքների մասին, որպես քուրդը պարծենալով պատմում է իր գործած ավազակությունները։ Ի՞նչ զանազանություն կար այդ հայի և Ֆաթթահ-բեկի մեջ։ Այն զանազանությունը միայն, որ մեկը ցած և խորամանկ հարստահարիչ էր, իսկ մյուսը — քաջ և մեծահոգի ավազակ։

Ահա այդ երկու անձինքներից մեկի հետ պիտի կապվեր թշվառ Լալայի վիճակը։ Բայց նրանից ոչ ոք չէ հարցնում, թե ու՞մն է սիրում նա...