Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի քիչ զահրումար եմ բերել, որ խմես, և այդ խեղճ գյուղացիները քո ձեռքից ազատվեն,— պատասխանեց երիտասարդը նույնպես ծիծաղելով։

Այնտեղ հավաքված էին մի քանի գյուղացիներ, որոնք օգնում էին երիտասարդին բեռները ձիերից ցած բերելով և ներս տանելով, Էֆենդին նկատեց, որ անպատշաճ էր խենթի հետ գյուղացիների առջև այս տեսակ կատակներ անել, շուտով հեռացավ, ասելով, որ գյուղումը գործեր ունի, և ավելացրեց, թե ճաշը միասին կուտեն։

— Քեզ հետ հաց ուտելը մեղք է,— ասաց նրան երիտասարդը:

— Ախար էշի պոչը ոչ կերկարի և ոչ էլ կկարճանա, քո խելքն էլ այդպես է,— պատասխանեց կապալառուն։ — «Էշին Երուսաղեմ էլ տանես, էլի էշ կմնա», երբեք մուղդուսի չի դառնա,— ավելացրեց նա։

— Ա՜խ, երբ որ դու սկսեցիր քո էշավարի առակները, էլ վերջ չկա,— ասաց երիտասարդը և երեսը շուռ տվեց։

Էֆենդին հեռացավ։

Արդեն ծերունի Խաչոյի տան մեջ մեծից մինչև փոքրը լսել էին, որ Վարդանը եկել է -այսպես էր երիտասարդի անունը-և անհամբերությամբ սպասում էին, մինչև նա իր բեռները կբաց աներ։ Ո՞վ ասես նրան մի բան չէր պատվիրել բերելու իր համար։ Նա բեռները տարավ և դարսեց տան սրահի մեջ, և ահա վրա թափվեցավ Խաչոյի տան ամբողջ բանակը։ Մեկը հարցնում էր» «Բերեցի՞ր իմ պատվիրած կոշիկները», մյուսը հարցնում էր. «Բերեցի՞ր իմ պատվիրած գլխարկը» — մի խոսքով, ամեն կողմից մի ձայն էր լսվում, և ամեն կողմից պահանջումներ էին անում, և մինչև անգամ փոքրիկ երեխաները, նրա փեշերից բռնած, զանազան բաներ էին պահանջում և հանգստություն չէին տալիս։

— Բերել եմ, բերել եմ,— պատասխանում էր երիտասարդը,— ամենիդ ուզածը բերել եմ։

— Դե՛ տուր, դե՛ տուր,— ձայն էին տալիս ամեն կողմից։

— Տո սատանի լակոտներ,— ասում էր երիտասարդը,— թողեք մի հանգստանամ, հետո բեռներս բաց կանեմ, ինչ որ ուզում եք կտամ։

— Հիմա, հիմա,— կրկնում էին ամեն կողմից։

Տանեցիք այնքան սովորել էին Վարդանին, որ այլևս ուշադրություն չդարձրին նրա վրա, և սկսեցին իրանք բաց անել հակերԸ։ Երբ կապերը և փաթոթները արձակեցին, այնուհետև բոլորը