Նա ուներ այդ պարապմունքին հարմար բոլոր պայմանները՝ արիություն, ճարպկություն և սատանայական խելք։ Մշտապես վտանգների և արկածների հետ պատերազմելով, նա սեփականել էր իրան երկաթի հաստատամտություն աներկյուղ քաջասրտության հետ։
Կար մի ուրիշ բան ևս։ Ոչ միայն Թոմաս էֆենդին Վարդանին խենթ էր համարում, բայց թե՝ Օ... գյուղում և թե՛ նրա շրջակայքում նա ճանաչված էր մականունով «խենթ»: Ի՞նչ բանի մեջ էր նրա խենթությունը։ Վարդանը հիմար տղա չէր. նա շատ կարդացել էր, նա շատ բազմակողմանի գիտություններ ուներ։ Նա բավական ճանաչում էր կյանքը և գիտեր մարդկանց կենցաղավարության պայմանները։ Նա, չնայելով իր երիտասարդ հասակին, շատ փորձված էր և շատ տանջանքներ էր կրել մարդերից։ Ուրեմն ի՞նչ բանի մեջ էր նրա խենթությունը.— նրանո՞ւմ միայն, որ Վարդանը կեղծել չգիտեր, նա մարդիկների նախապաշարմունքներին դեմ էր գնում։ Վարդանը խիստ բացարձակ սիրտ ուներ․ և ամենի երեսին կասեր, ինչ վատ բան նկատելու լիներ։ Նա մինչև անգամ չէր թաքցնում իր սեփական սխալները, բոլորը պատմում էր, և մարդիկ այս տեսակներին միշտ խենթ են համարում։ Նրանք պահանջում են, որ մարդը դրսից ուրիշ կերպարանք ունենար, իսկ ներսից ուրիշ, և սաստիկ ատում են ճշմարտախոսին։
Հին իմաստասերներից և մարգարեներից շատերը, և մինչև անգամ երևելի Պահլուլը և Նասրադին խոջան խենթեր էին համարվում, թեև նրանց խենթությունների մեջ մի առանձին իմաստություն կար։ Բայց Վարդանը ոչ իմաստասեր էր և ոչ մարգարե․ միայն նրա դատողությունները, հասկացողությունը, մտածության ձևը և օտարոտի վարմունքը ռամկի աչքում խորթ և խիստ տարապայման էին երևում։
Խոստանալով Լալային, թե «մի լավ բան է բերել նրա համար», և հայտնելով, թե այդ բանը միայն գաղտնապես պետք է հանձնել նրան,-այս դեպքում Վարդանը իր սովորության համեմատ աչքարա լինել չկարողացավ։ Կարծես, մի առանձին զգացմունք հարկադրում էր նրան ծածկամիտ լինել. կարծես նրա սրտում թաքնված էր մի նվիրական բան, որ պետք է անմատչելի մնար օտարներից։ Նա առիթ էր որոնում հանդիպել Ստեփանիկին և հանդիպել, որքան կարելի է, մի ծածուկ տեղում։ Առիթը ինքը իրան տեղի ունեցավ։
Ես բոլորովին մոռացա մի անգամ գոնե նկարագրել ծերունի