Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ տխրեց, կարծես մի բան մտաբերեց նա, կարծես նրան շատ դժվար լիներ այդ ընծայի ընդունելը։ Նա հրաժարվեցավ և րոպեական շփոթությունից հետո պատասխանեց.

— Ես ի՞նչ կանեմ մկրատը, մատնոցը և ասղամանը... դրանք աղջկա բաներ են... ինձ համար մի ուրիշ բան պետք է բերեիր... ինձ համար տղայի բաներ պետք է բերեիր... ես աղջիկ չեմ։

Այս խոսքերը արտասանեք նա մի այնպիսի դողդոջուն ձայնով, որ կարծես թե այրում էին նրա նուրբ վարդագույն շրթունքը։

Վարդանը չէր սպասում Ստեփանիկի կողմից մինչև այս աստիճան ծածկամտություն․ նա բոլորովին շվարած մնաց, և չկարողանալով զսպել իր հոգեկան վրդովմունքը, ասաց.

— Դու էլ աղջիկ ես, Լալա...

— Ա՜խ, դու իմ անունն էլ իմանում ես․․․—գոչեց օրիորդը և ընկավ նրա կուրծքի վրա։

Երիտասարդը գրկեց նրան, որ ցած չընկնի։ Եվ Լալան իր սրտի սաստիկ խռովության մեջ, մի քանի անգամ մեղմ և արտասվախառն կերպով արտասանեց այդ խոսքերը․ «Ես աղջիկ եմ... այո՛, աղջիկ եմ..․»։ Այդ խոստովանությունը առաջին անդամ դուրս պրծավ նրա այնքան տարի փակված շրթունքներից մի օտար տղամարդի մոտ, որին սիրում էր և իր սերը մինչև այսօր հայտնել չէր համարձակվում...

Բայց երիտասարդը և օրիորդը իրանց քաղցր հափշտակության մեջ ամենևին չէին նկատում, որ մի զույգ աչքեր ծառերի միջից նայում էին նրանց վրա և ուրախանում էին։ Դա Սառան էր, որին կոչեց այստեղ նվագարանի ձայնը։

— «Այժմ Լալան ազատված է..․»,— ասաց նա իր մտքում և հեռացավ։

ԺԵ

Ծերունի Խաչոյի օդայի մեջ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը։ Տանուտերը և Թոմաս էֆենդին սպասում էին Վարդանին։ Այնտեղ նստած էին և կապալառուի երկու զափթիաները, որ կառավարությունից տված էին նրան.— երկու անզգամներ, որ ծառայում էին էֆենդու ամեն տեսակ չարագործությունների մեջ։