Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացի դրանցից, օդայի մեջ ոչ ոք չկար, որովհետև Խաչոյի որդիները երբեք չէին համարձակվի սեղանակից լինել, երբ ճաշի էին նստած այնպիսի պատվավոր անձինք։

— Հիմա կգա. այնքան կհաչի, որ հացներս հառամ կանե,— ասաց էֆենդին, խոսելով Վարդանի վրա։

— Նա թեև երբեմն կծու հանաքներ է անում, բայց խիստ բարի սիրտ ունի,— նկատեց տանուտերը։

— Այդ ես էլ գիտեմ, տանուտեր, որ նրա սիրտը չար չէ, բայց բերնումը օձի թույն ունի։ Ամեն մարդու հետ չէ կարելի հանաքներ անել։ Ես որ հազում եմ, մարդիկ դողում են ինձանից։ Պետք է գիտենալ, թե ով է Թոմաս էֆենդին։ Դու խո տեսա՞ր սուլթանի ֆիրմանը։ Բայց ես քեզ մի ուրիշ բան կասեմ։ Արզրումի վալին ինձ միշտ իր ծնկի մոտ էր նստեցնում, տե՛ս եթե չես հավատում, դրանցից հարցրու,— նա ցույց տվեց երկու զափթիաների վրա։

«Աղվեսից վկա ուզեցին, իր պոչը ցույց տվեց»։ Այդ երկու խաբեբաները պատրաստի և երդվյալ վկաներ էին էֆենդու ամեն մի ստախոսությունների համար։

— Մի՞թե ես չեմ հավատում․— պատասխանեց տանուտերը։

Թոմաս էֆենդին զայրացած էր Վարդանի դեմ ոչ միայն նրա համար, որ երիտասարդի առավոտյան խոսքերը վիրավորեցին նրան, այլ ամեն անգամ, երբ նա պատահում էր կապալառուին, սովորություն ուներ նրան խայտառակել։

— Ես,— ասաց կապալառուն,— եթե ուզենամ մի րոպեում աշխարհը տակնուվրա կանեմ, և այդ անպիտանին ցույց կտամ, թե ո՛վ է Թոմաս էֆենդին։

— Ջահիլ է,— խոսեց բարեսիրտ ծերունին,— ջահիլի խոսքը կշեռքի մեջ չեն դնում։ Բայց ես դարձյալ կասեմ ձեզ, որ նա այնքան վատ տղա չէ. որքան դուք կարծում եք։

Այդ միջոցին ներս մտավ Վարդանը, բոլորովին գունաթափ. մտահույզ և լուռ։ Թոմաս էֆենդին, որ րոպե առաջ այնպես բարկացած խոսում էր նրա դեմ, ինչպես ասում են՝ «պոչը քաշեց», և իր հատուկ շողոքորթությամբ, ասաց նրան.

— Օրհնած, որքա՞ն սպասել տվեցիր ինձ, դու գիտես, որ առանց քեզ մի պատառ հաց անգամ Թոմաս էֆենդին բերանը չի դնի։

— Ես գիտեմ...— պատասխանեց երիտասարդը, և առանց նրա վրա նայելու, գնաց իր տեղը նստեց։

Ճաշի ամբողջ ժամանակը Վարդանը նույնպես շատ քիչ