թուրքն էր, Թոմաս էֆենդին սկսեց սաստիկ հարձակվել հայերի վրա, հայտնելով, թե հայերի մեջ էլ գտնվում են այնպիսի «խենթեր», որոնք թուրքի լուծը ծանր են համարում և քաղաքական ազատության, ինքնավարության վրա են մտածում։ Նա հայտնեց, թե առանց թուրքերի հայերը մի կորած ժողովուրդ են, թե հայերը իրանք իրանց կառավարել չեն կարող։ Այդ ժամանակ միայն Վարդանը չկարողացավ համբերել։ Նա ասաց.
— Ձեզ նմաններին, որ ծծում եք հայի արյունը թուրք կառավարության անկարգությունների շնորհիվ, ձեզ նման մուլթեզիմներին, կապալառուներին, իհարկե, միշտ օգտակար է թուրքը և նրա անարդար ու անիրավ իշխանությունը։ Դուք ջրի պղտորության մեջ ձուկ բռնողներ եք. պարզությունը ատելի է ձեզ։ Դուք խավար եք սիրում, որովհետև գողերը ատում են լույսը։
— Պարո՛ն,— ձայն տվեց կապալառուն,— մտածի՛ր, որ քեզ մոտ երկու զափթիաներ են նստած։
— Այդ զափթիաներով դու վախեցրու այն խեղճ և ողորմելի գյուղացիներին, որոնք այն աստիճան տխմար են, որ հավատում են, թե դու Բոսֆորի վրա պալատներ ունես, թե դու Օտյանի աղջիկը չառեցիր, կամ ս․ Հակոբա տաճարում ամեն օր քո հոգու համար պատարագ են մատուցանում... Անե՛ծք, միայն անեծքի արժանի են ձեզպիսիները... Դո՛ւք եք հայի տունը քանդողները, սկսյալ գյուղական չնչին մուլթեզիմից, որի ներկայացուցիչն և դու, մինչև Բարձր Դռան այն խոշոր ամիրաները, որոնք իրանց շահերի համար իրանց ազգի շահերը վաճառում են...
Թոմաս էֆենդին բարկանալ չգիտեր, այսինքն՝ կամենում եմ ասել, որ նա բարկանում էր այն ժամանակ միայն, երբ տեսնում էր, որ իր հակառակորդը իր ատամների հարմար մարդ է, որին կարող է գզգզել, կարող է ուզածին պես միսը ծամել։ Բայց նա Վարդանին վաղուց ճանաչում էր, այս պատճառով, իր անզգույշ սխալը ուղղելու համար նա աշխատեց բանին կատակի ձև տալ, ասելով.
— Տեսնում եմ, որ գինին շատ թունդ էր. օրհնած, ինչո՞ւ ես այսքան խմում, երբ խմելու շնորհք չունես։
Վարդանը խեթ աչքով նայեց նրա երեսին և ոչինչ չպատասխանեց։ Նրա երեսի վրա կարելի էր նշմարել զզվանք միայն դեպի այդ ցած շողոքորթը։
Ծերունին նույնպես լուռ էր. նա զգում էր Վարդանի խոսքերի