ծերունի Խաչոյին։ Ախար նա իր Լալային ուզում էր տալ այդ մարդուն, որ Կ. Պոլսում ամիրա ազգականներ ուներ, որ Բոսֆորի ափերի մոտ պալատ ուներ, որ Օտյանի աղջիկը չէր առել... «Ոչ, ոչ, մտածեց նա, Վարդանը զրպարտում է նրան. Թոմաս էֆենդին խաբեբա մարդ չէ»․․.
Վարդանը իր սրտի բոլոր մաղձը դուրս թափելուց հետո դուրս գնաց։ Նրա բացակայության ժամանակ էֆենդու լեզուն բացվեցավ.
— Ես անպատճառ կգրեմ սուլթանին,— ասաց նա մի առանձին նշանակություն տալով իր խոսքերին,— ես ռուսաց թագավորին էլ կգրեմ, և անպատճառ այդ անպիտանին Սիբիր կորցնել կտամ... Թոմաս էֆենդու հետ այս տեսակ հանաքներ անել չէ կարելի... «էշին մինչև չծեծես, իր չափը չի ճանաչի»...
Թոմաս էֆենդին սովորություն ուներ միշտ մեծ մարդերի անունով սպառնալիքներ կարդալ, և ցույց տալ թե ինքը նրանց հետ հարաբերություններ ունի, և ինչ որ կամենա, կարող է կատարել։ Ծերունի Խաչոն, թեև հիմար մարդ չէր, բայց այնքան շատ հարվածներ էր կերել այս տեսակ մանր էֆենդիներից, որ մյուս գյուղացիների նման ինքն էլ հավատում էր, թե նրանք ինչ որ կամենան, կարող են կատարել։ Այս պատճառով, լսելով էֆենդու վերջին խոսքերը, թե նա Վարդանին Սիբիր կորցնել կտա, վեր կացավ, և կապալառուի ծնկները գրկելով, արտասուքը աչքերում սկսեց աղաչել.
— Ի սեր աստուծո, մի՛ կորցնեք նրան, իմ ալևոր գլխին բաշխեցեք, դուք գիտեք, որ նա խենթ է...
էֆենդին առժամանակյա մտածությունից հետո պատասխանեց.
— Քեզ եմ բաշխում, ծերունի, որովհետև քո տան հացը կերել եմ։
ԺԶ
Փորձանքը խումբերով է գալիս, երբ կամենում է խավարացնել մի խաղաղ ընտանիքի բարօրությունը։ Ամեն կողմից դժբախտությունը սկսել էր պաշարել ծերունի Խաչոյի տունը, ամեն կողմից սպառնում էին նրան զանազան տեսակ վտանգներ։
Վարդանի կռիվը Թոմաս էֆենդու հետ ծանր տպավորություն