Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնավոր բան չսովորեցավ, բայց սեփականեց շատ լուաավոր գաղափարներ, որ ծանոթ չեն հասարակ գյուղացուն։

Հայրապետը երկար նստած այն քարաժայռի հովանու ներքո, սպասում էր կնոջը։ Արևը մոտ էր մայր մտնելու և նրա վերջին ճառագայթները գեղեցիկ կերպով լուսավորում էին լեռնեցի գագաթները։

Վերջապես հայտնվեցավ Սառան։ Հայրապետր հեռվից նշմարեց նրա պայծառ դեմքը, որով նախագուշակեց, թե կինը բերում էր ուրախալի լուրեր։

— Տղա՞ է, թե աղջիկ,— հարցրեց Հայրապետը հեռվից։

— Տղա է,— պատասխանեց կինը ժպտալով, և նստեց ամուսնի մոտ, որովհետև շատ հոգնած էր։

Այդ ռամկական հարց ու պատասխանը նշանակում էր, թե ծնունդը որ սեռին է պատկանում, այսինքն՝ տեսության հետևանքը ուրախալի է, թե տխուր, որովհետև գյուղացու հասկացողությամբ տղան ուրախություն է նշանակում, իսկ աղջիկը տխրություն։

Սառան սրբեց ճակատի քրտինքը, մի փոքր շունչ առեց, հանգստացավ, և ապա սկսեց պատմել, թե ինչ խոսեց և ինչ լսեց քուրդ տիկնոջից։ Նրա պատմության բովանդակությունը այս էր։— Խուրշիդը հայտնել էր, թե բեկը այժմ շատ չէ մտածում Ստեփանիկի մասին, թե նա զբաղված է այնպիսի ծանր հոգսերով, որ առժամանակ գոնե նրան մոռանալ են տվել Ստեփանիկի սերը: Նա ասել էր, թե բեկը հրահանգներ է ստացել Արզրումի վալիից և այժմ ինչ որ պատրաստություններ է տեսնում,— իր ցեղի տղամարդերի անձնահամարն է հաշվում, նրանց զենքեր է բաժանում, փող է տալիս, որ իրանց համար ձիաներ առնեն, հագուստ պատրաստեն և այլն։— Բայց թե ի՞նչ ձեռնարկության համար են այդ պատրաստությունները, ինքը Խուրշիդը չգիտե։ Միայն նա դարձյալ խորհուրդ է տալիս, որ Ստեփանիկին կամ մի հեռու տեղ փախցնեն և կամ շուտով մի մարդու հետ ամուսնացնեն, որովհետև ինքը հաստատ գիտե, որ բեկը վերջ ի վերջո կկատարե իր մտադրությունը խեղճ աղջկա մասին։ «Թեև, ավելացրել էր տիկինը, ես այդ մասին խոսել եմ իմ հոր հետ, թեև իմ հայրը խոստացավ սանձ դնել բեկի կրքերին, բայց ինքը, Խուրշիդը, շատ չէ հավատում բեկի խոստմունքներին, և գուցե գործը այն հետևանքը կունենա, որ ինքը ստիպված կլինի թողնել իր ամուսնի տունը և բաժանվել նրանից»: