Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրապետը խորին ուշադրությամբ լսում էր Սառայի պատմությունը, երբ վերջացրեց, նա ասաց.․․

— Դրանով վտանգը չէ կարելի անցած համարել։ Այս բոլոր պատմության մեջ միայն մի ուրախալի բան կա, այն է, որ գործը կհետաձգվի և մենք ժամանակ կվաստակենք Լալայի վիճակը տնօրենելու համար։

— Ես էլ այսպես եմ մտածում,— պատասխանեց Սառան։

— Ուրեմն ի՞նչ պետք է անել,— հարցրեց հայրապետը։

— Ուրիշ ճար չկա, պետք է Լալային մեկի հետ պսակել։

— Այդ բոլորովին չի ազատի նրան։ Բեկը կարող է պսակված կինն էլ ամուսնի գրկից դուրս քաշել և տանել։

— Պետք է մի այնպիսի մարդու հետ պսակել, որ Լալային այստեղ չպահե. այլ վեր առնե և տանե մի ուրիշ երկիր,— ասաց Սառան։

— Շատ գեղեցիկ միտք է,— պատասխանեց հայրապետը,— բայց ո՞րտեղից կարելի է գտնել մի այսպիսի մարդ։ Դու գիտես, որ մեր գյուղացիներից ոչ մեկը չի հանձն առնի մի այսպիսի ամուսնություն, նրա համար, որ կվախենա և կմտածե, եթե Լալային տանելու լինի մի ուրիշ երկիր, այն ժամանակ Բեկը տունը կրակ կտա և նրա բոլոր ազգականներին սրից կանցկացնե։ Ո՞վ է այն մարդը, որ հանձն առնե այս տեսակ զոհաբերություններ։

— Մարդը պատրաստ է,— պատասխանեց Սառան ուրախ ձայնով։

— Ո՞վ է։

— Վարդանը։

Հայրապետի տխուր դեմքը ընդունեց խիստ ուրախ արտահայտություն, երբ Սառան սկսեց պատմել նրան, իր այն օրվա տեսածը տան պարտեզի ծառերի մեջ, թե ո՛րպես Վարդանը և Լալան գրկախառնվել էին միմյանց հետ, համբուրվում էին և խոստանում էին միմյանց մշտական սեր։

— Այդ լավ է,— ասաց Հայրապետը,— Վարդանը, միայն Վարդանը կարող է ազատել Լալային։

Արևը արդեն մայր էր մտել։ Երկու ամուսինները վեր կացան և սկսեցին շտապել դեպի տուն։ Ճանապարհին Հայրապետը մտածում էր այն բանի վրա, թե ի՞նչ պատրաստություններ է տեսնում բեկը, ի՞նչու համար է նա զենքեր բաժանում։ Միթե այդ մի սարսափելի ձեռնարկության նախապատրաստություն չէ՞ր․․․