Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ

Արևը մտնելու մոտ էր, երբ մեր հոգնած ճանապարհորդը հասավ մի տեղ, ուր ճանապարհը ճյուղավորվում էր. աջ ճյուղը տանում էր դեպի Բաշ-Կալա, իսկ ձախը դեպի Բարդուղիմեոս առաքյալի վանքը։ Նա ընտրեց վերջինը։

Արևի վերջալույսը ոչ մի ժամանակ այնպես գեղեցիկ չէր զարդարել ամպերը, որպես այն երեկո, և լեռնային օդը իր փափուկ թարմությամբ ոչ մի ժամանակ այնքան կազդուրիչ չէր եղել, որպես այն գիշեր։ Բայց երիտասարդը ոչինչ չէր զգում, որովհետև իր սրտի և արտաքին աշխարհի մեջ ամենևին առնչություն չկար։ Նա շարունակում էր գնալ, ինքն իր մեջ կենտրոնացած, և մի աներևույթ զորություն մղում էր նրան առաջ...։

Մութը սկսել էր փոքր առ փոքր թանձրանալ և գիշերային աստղերը վառվում էին հիանալի զվարթությամբ։ Օդը անշարժ և խաղաղ էր։ Այդ այն ժամն էր, երբ նույն լեռների վրա սովորաբար լսելի էին լինում արոտից դարձող ոչխարների բառաչմունքը, որոնց խուլ արձագանքը զարթեցնում է այնքան գեղեցիկ հիշողություններ հովվական կյանքից։ Իսկ այն գիշեր ոչինչ չէր լսվում, ամեն տեղ տիրում էր մեռելային անդորրությունը։

Բավական ճանապարհ անցել էր նա, երբ սկսեց նշմարել տեղ-տեղ հրեղեն կետեր. նրանք երևում էին խավարի մեջ շատ հեռվից, երբեմն ընդարձակվում էին, երբեմն փոքրանում էին և երբեմն դեպի վեր էին բարձրացնում վիշապների նման գալարվող բոցեղեն սյուներ։ Հանկարծ բոլորովին հանգչում էին, և ավելի զորություն ստանալով, հրային հոսանքը տարածվում էր դեպի ամեն կողմ։

Նա կանգնեց և մի քանի րոպե անշարժ նայում էր այս սարսափելի տեսարանին։ Ի՞նչ էր պատահել։ Նա մտածում էր, թե այրվում են խոտի դեզեր։ Բայց նրան այնքան ծանոթ էին իր շրջակայքը, որ ինքն ևս կասկածում էր իր կարծիքի մեջ. նա գիտեր, որ խոտը այդպես վաղ չէ հնձվում այս կողմերում։ Նա գիտեր, որ