Ծերունին սովորություն ուներ միշտ յոթն որդիների անունով խոսել և նրանց անունով երդվել, Ստեփանիկին ևս նրանց հետ հաշվելով, բայց չգիտեր, որ Վարդանին վաղուց հայտնի էր Ստեփանիկի աղջիկ լինելը։
— Այս յոթը որդիներիս արևը թող վկա լինի, եթե սուտ լինեմ ասելու,— շարունակեց նա,— դու էլ իմ որդին ես, իմ տունը քո տունն է. գալիս ես, գնում ես, և որքան սիրտդ ուզում է մնում ես: Իմ դուռը քո առջև միշտ բաց է։ Բայց պետք է գիտենալ, որ այստեղ ուրիշ երկիրների նման չէ, այստեղ Թոմաս էֆենդու նման մարդիկը՝ մեծ մարդիկ են, շա՜տ մեծ մարդիկ... նրանք ինչ որ կամենան, կարող են կատարել։ Այս պատճառով, նրանց պետք է ակամա հարգել և երբեմն նրանց խոսքերի ու արարմունքների մասին պետք է լռել... Ի՞նչ կարող ենք անել, «Մի չարագործի ձեռք, ասում է առակը, եթե չես կարող կտրել, պետք է համբուրես և գլխիդ վրա դնես», էֆենդին, կարելի է, քեզ մի վնաս չկարողանա հասցնել, որովհետև այստեղացի չես, բայց մենք քո փոխարեն պիտի տուժենք նրա հասցրած վնասը: Դու խո լսե՞լ ես թուրքի առածը. «Էշից վախեցավ և սկսեց փալանին ծեծել»...
Ծերունու խոսքերը կրկին հավաքեցին խենթի իծաները[1]: Նա պատասխանեց.
— Թուրքերի վերաբերությամբ մեր կողմի հայերը մի լավ առած ունեն, ասում են՝ «թուրքին մինչև չծեծես, բարեկամ չի դառնա»։ Ես Թոմաս էֆենդուն թուրքերից չեմ զանազանում, և շատ ցավում եմ, թե ի՞նչու նրան մի լավ չծեծեցի, թեև նրա բարեկամությունը ինձ շատ հաճելի չէր կարող լինել։
Ծերունու երեսի խորշոմները ավելի կնճռվեցան, երևում էր պատասխանը նրան դուր չեկավ։ Իսկ Ստեփանիկի դեմքի վրա փայլեց մի պայծառ ժպիտ, որը չէր կարող չնկատել Վարդանը։ Նա դեռ կանգնած էր ոտքի վրա, և որպես տան փոքրիկը, սպասավորություն էր անում։ Վարդանը հիացմունքով նայեց նրա վրա, միևնույն ժամանակ նրա մտքից անցան այս խոսքերը. «Ահա միակ արարածը այս տան մեջ, որ համակրում է ինձ... որովհետև նա միայն է, որ զգացել է այդ գարշելի մարդու լրբությունը»...
— Դուք ինքներդ թույլ եք տալիս այս տեսակ ցած, անբարոյական, անիրավ մարդերին բռնանալ ձեզ վրա,— շարունակեց
- ↑ Իծաներ փոխաբերական մտքով դևի կամ չար ոգիների նշանակություն ունի ռամիկ ժողովրդի լեզվում։