Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդանը ավելի տաք կերպով,— որովհետև նրանց բոլոր չարագործությունների առջև աչքներդ փակած, համբերում եք։ Ես հասկանում եմ, երբ թուրքը, քուրդը հային հարստահարում է, ճնշում է, և նրա կենսական բոլոր ուժերը խլելով նրանից, մահացնում է։ Ես այդ հասկանում եմ, և մինչև անգամ բնական եմ համարում, որովհետև նրանք դարերով այսպես վարվել են հայի հետ և նույն կերպով շարունակում են։ Այդ դարձել է թուրքի և քուրդի համար մի տեսակ կենսական պահանջ, առանց որին նրանք հազիվ թե կարող են ապրել։ Բայց երբ որ հայը վարվում է իր համազգիների հետ ավելի վատթար, քան թե թուրքը և քուրդը, այդ եղեռնագործության դժվար է համբերել։ Ես այս խոսքերր էֆենդսւ երեսին ասեցի, և նա մի բառ ևս չգտավ պատասխանելու։

— Ես դրանից վատը կասեի նրան,— խոսակցության մեջ մտավ Հայրապետը,— բայց հայրս միշտ մեզ խրատում է, թե պետք է լուռ մնալ, թե պետք է զգույշ լինել... մի օր ազատություն կլինի մեզ... պետք է համբերել... չգիտեմ, մինչև ե՛րբ պետք է համբերել...

— Մինչև Հիսուս Քրիստոսի գալուստը...— հեգնորեն պատասխանեց Վարդանը,— բայց, ափսո՜ս, մինչև այն ժամանակը աշխարհի երեսին մի հայ էլ չի մնա, որ իր ազատությունը տեսնե. բոլոր քուրդ կամ թուրք դարձած կլինեն...

— Համբերությունը կյանք է...— խոսեց ծերունին քարոզի ոճով։— Մեր տերտերները, մեր վարդապետները միշտ այդ են քարոզում մեզ։ Ախար մի օր կլինի, որ աստված կմտաբերե իր կորուսյալ ոչխարներին... Պետք է համբերել, զավակներս... «համբերությունը կյանք է»...

— Համբերությունը մա՛հ է...— պատասխանեց պարոն Դուդուկջյանը, որ մինչև այն ժամանակ չէր խոսում և լուռ լսում էր նրանց վիճաբանությունը։ Երիտասարդի գունատ դեմքը այժմ բոլորովին դեղնեց և նրա նուրբ, նույնպես գունաթափ շրթունքը սկսեց դողդողալ։

— Համբերությունը մա՜հ է...— կրկնեց նա վրդովված ձայնով,— գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինլ...: Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը։ Հրեաները շատ համբերեցին, աշխարհի բոլոր հալածանքներին դիմացան, սպասելով, թե կհայտնվի մի Մեսիա, որ կվերանորոգե սուրբ Երուսաղեմը և կվերականգնեն Իսրայելի հին փառքը... և մինչև այսօր սպասում են...