որդիների սառնասրտությունը դեպի իր և նորեկ հյուրի «քարոզները»։ Նա զարմանում էր, որ այնպես կասկածանքով էին նայում այդ ոգելից և ազնիվ երիտասարդի վրա։ Մյուս կողմից, նրա սիրտը խռովում էր երկու սեր, որոնք շատ չէին տարբերվում միմյանցից իրանց բնավորությունով.— մեկը, հարստահարված գյուղացու սերը, մյուսը՝ Լալայի սերը, որ նույնպես բարոյական հարստահարության ենթակա էր...
Նա աչք ձգեց, տեսավ, որ նորեկ երիտասարդը քնած էր: Ճրագի աղոտ լուսով նկարվում էր նրա գունաթափ և մաշված դեմքը, որի սուր գծերի մեջ արտահայտվում էր մի հաստատուն բնավորություն։ Նրա քունը անհանգիստ էր: Տենդային զառանցության մեջ տանջվում էր նա։ Երբեմն նրա ցամաք շրթունքը շարժվում էին, և լսելի էին լինում խառն, կցկտուր խոսքեր, ֆրանսերեն և հայերեն լեզվով.
«Գյուղացիներ... հասավ ժամը... ձեր արյունով պիտի գնեք... ձեր ազատությունը... ներկան... ապագան... մեզ է պատկանում... ցույց տվեցեք... քաջե՛ր որ թուրքի... երկաթի գավազանը... բոլորովին չէ մահացրել... ձեր մեջ կյանքը... և... ազատության... զգացմունքը... Կրակի... և... սրի մեջ... պիտի գտնենք մեր... փրկությունը...։ Դեպ առա՜ջ... քաջե՛ր...»
— Խե՜ղճ,— ասաց Վարդանը գլուխ շարժելով։ — Երևի շատ գրքեր է կարդացել... Հայ գյուղացու ողորմելի օդայի մեջ իրան Փարիզի բարիկադների վրա է երևակայում և ճառ է խոսում... խե՜ղճ...
Այդ միջոցին Վարդանի ականջին զարկեց երգի մեղմիկ ձայն, որ տխուր հնչյուններով լսելի էր լինում գիշերային լռության մեջ։ Նա ճանաչեց նազելի ձայնը և դուրս եկավ օդայից։
Ծերունի Խաչոյի տանը մի երկրորդ արարած ևս այն գիշեր արթուն էր, նա իր անկողնի մեջ անհանգիստ կերպով այս կողմ և այն կողմ էր շուռ գալիս։ Նրա շուրջը, սրահի մեջ, այր և կին բոլորը ծանր քնով խռմփում էին։ Մշակի հոգնած և վաստակաբեկ անդամները գիշերվա արթնություն չգիտեն։
Միայն Լալան հանգիստ լինել կարող չէր։ Նա հագնվեցավ և կամաց դուրս եկավ սրահից։ Կատուն այնպես զգույշ, այնպես հեզիկ կերպով չէր կարող փոխել իր քայլերը, որպես այդ մանկահասակ աղջիկը, անցնելով սրահի միջից, հայտնվեցավ բակում։ Շունը նրան հեռվից տեսնելով սկսեց հաչել: «Սո՛ւս»,— շշնջաց նա հազիվ լսելի ձայնով։ Շունը լռեց։ Խաղաղ գարնանային գիշեր էր։