Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞ւր է գնացել իմ նոր ընկերը։

Հայրապետը հասկանալով, որ պարոն Դուդուկջյանի մասին է հարցնում, պատասխանեց.

— Զարմանալի մարդ է այդ քո նոր ընկերը, վաղ առավոտյան դեռ արևը չծագած, վեր կացավ, երկայն կոշիկները հագավ, առանց լվացվելու, առանց սանրվելու և առանց նախաճաշիկ ուտելու իր ծանր գավազանը վեր առեց, և տնից դուրս գնաց։ Մենք հարցրինք, ո՞ւր ես գնում, նա ոչինչ չպատասխանեց, գլուխը շարժեց և հեռացավ։

— Ո՞ւր գնաց,— հարցրեց Վարդանը անհանգստությամբ։

— Չգիտեմ, միայն ես գյուղի մեջ տեսա, նա հանդիպեց մի կիսամերկ և ոտաբոբիկ աղջկա, որ գնում էր գետից ջուր բերելու։ «Ի՞նչու ես այսպես հագնվել, հարցրեց նա աղջկանից, քո հասակում անվայելուչ է այսպես հագնվել»։ Աղջիկը պատասխանեց, թե իր ծնողները աղքատ մարդիկ են։ Նա հանեց իր քսակից մի ոսկի և տվեց աղքատ աղջկան։ Ես կարծում եմ, Վարդան, այդ վերջին դրամն էր, որ նա ուներ։

Կարելի էր,— պատասխանեց Վարդանը մտահոգության մեջ,— բայց հետո ո՞ւր գնաց։

— Հետո մոտեցավ նա մի խումբ գյուղացիների, որ նոր էին դուրս եկել ժամից, և հավաքված եկեղեցու դռանը խոսում էին հարկերի բաժանման վրա։ Նա խոսակցության մեջ մտավ և սկսեց բացատրել գյուղացիներին, թե նրանք վճարում են կառավարությանը ավելի քան պետք է վճարել, բայց նրանց հասարակական գործերի մասին ամենևին հոգ չեն տանում։ Խոսում էր աղջկանց և տղայոց դպրոցների մասին, որոնցից զուրկ են մեր գյուղացիները. խոսում էր ինչ-որ ընկերության մասին, որ կարող էր բարվոքել գյուղացու տնտեսական վիճակը. խոսում էր ինչ-որ հասարակաց դրամարկղի մասին, որտեղից գյուղացին կարող էր էժան տոկոսով փող վեր առնել կարոտության ժամանակ, ո՞վ է իմանում, հազար ու մեկ այս տեսակ բաների վրա էր խոսում։

— Ի՞նչ պատասխանեցին գյուղացին երբ,— հարցրեց Վարդանը հետաքրքրվելով։

— Գյուղացիները ծիծաղեցին, հռհռացին և ոչինչ չպատասխանեցին։ Մեկը նրանցից ասաց իր ընկերին` այդ մարդը խենթ է:

— Փա՜ռք աստուծո, խենթը մենակ ես չեմ եղել,— ասաց Վարդանը ծիծաղելով,— ես կարծում էի, մենակ ինձ են խենթ համարում։ Հետո՞։