— Հետո գյուղացիներից մեկը հրավիրեց նրան մտնել իր հետ ղահվետունը մի բաժակ արաղ խմելու։ Նա ընդունեց հրավերը։ Այնտեղ գտնվում էր բոլորովին հարբած մի բազմություն։ Նա ինքը շատ փոքր խմեց, բայց վճարեց բոլորի համար։ Այնտեղ ևս սկսեց քարոզները գյուղացու բարօրության մասին և սկսեց բացատրել նրա թշվառության պատճառները։ Նա խոսում էր տաք և ոգևորված կերպով։ Ես առաջին անգամ զգում էի իմ մեջ, թե ինչ մեծ ներգործություն ունի խոսքի ուժը։ Բայց գյուղացիները արհամարհանքով լսում էին նրան։ Մեկը հարցրեց նրանցից, թե «ի՞նչ պաշտոն, ի՞նչ աստիճան ունիս», երբ պատասխան ստացավ, թե ծառայության մեջ չէ գտնվում, խիստ լրբաբար ասաց նրան. «էլ ի՞նչ ես դուրս տալիս»...
— Այո՛, այդ հասարակության վրա ազդելու համար անպատճառ պետք է կամ մուդիր, կամ գայմագամ և կամ Թոմաս էֆենդու նման մուլթեզիմ լինել։ Հասարակ գիտնականը ի՞նչ նշանակություն ունի նրանց աչքում...— խոսեց Վարդանը խորին տխրությամբ։ — Պատմիր, Հայրապետ, շատ հետաքրքիր է։
— Ես,— շարունակեց Հայրապետը,— բռնեցի նրա ձեռքից և համարյա զոռով դուրս բերեցի ղահվետանից, վախենում էի, որ անկարգություն կպատահի։ Դրսում նա ինձ ասաց. «Այսպիսի տեղերում ավելի հեշտ է ճանաչել ժողովրդին, հարբած դրության մեջ նա բացում է իր սիրտը...»։ Մենք շարունակեցինք գնալ գյուղի միջով։ Նրա ուսից քարշ էր ընկած մի կաշյա պայուսակ, որ լիքն էր զանազան փոքրիկ տետրակներով։ Նա այդ տետրակները բաժանում էր հանդիպած գյուղացիներին, ոմանք չէին ընդունում, ասելով, թե կարդալ չգիտեն, իսկ ոմանք ընդունում էին, որոնք նույնպես կարդալ չգիտեին։ Այս վերջինների մեկից ես հարցրի, թե ի՞նչ պիտի անես, որ առնում ես։ Նա պատասխանեց. «Թուղթ է, կտանեմ տանը պետք կգա, մայրս բռնոթի (քթախոտ) կփաթաթի մեջը»։
Վարդանի դեմքը ավելի տխուր արտահայտություն ընդունեց, կարծես, մի ներքին ցավ սկսեց տանջել նրան։
— Դու ունե՞ս այդ տետրակներից,— հարցրեց նա։
— Ունեմ, երկու հատ ես վեր առա։
Վարդանը թերթեց տետրակները, մի փոքր կարդաց, և աստց վրդովված ձայնով.
— Այդպիսի տետրակների տարածելը տգետ ժողովրդի մեջ հիմարություն է... Հետո ո՞ւր գնաց նա։