Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինձ հետ միասին դուրս եկավ գյուղից, խնդրեց, որ ես նրան մենակ թողնեմ։ Ես բաժանվեցա։ Նա բռնեց առաջին հանդիպած ճանապարհը և սկսեց դիմել դեպի մի ուրիշ գյուղ, որ հեռվից երևում էր։ Ես երկար կանգնած, նրա ետևից նայում էի, նա այնպես շտապում էր, կարծես, այնտեղ սպասում էին նրան։ Ես կարող եմ երդվել, որ նա ինքն էլ չգիտեր, թե ուր է գնում. անդադար մոլորվում էր, անդադար ճանապարհից դուրս էր գալիս։

Վերջին խոսքերը Հայրապետը արտասանեց փոքր ինչ ծաղրական կերպով։

— Նա, սիրելի Հայրապետ,— ասաց Վարդանը,— ձեր ձորի ոլոր-մոլոր ճանապարհին կարող է ծանոթ չլինել, բայց կյանքի ճանապարհի մեջ, հավատացնում եմ քեզ, նա մի հմուտ ուղեցույց է։

— Էս էլ մի այսպիսի բան նկատում եմ նրա մեջ,— պատասխանեց Հայրապետը զղջալով իր անտեղի ծաղրածության վրա,— երևում է, որ շատ է կարդացել։

— Բացի կարդալը նա խիստ բարի և ազնիվ մարդ է։ Հայրապետին այժմ շատ չէր հետաքրքրում անծանոթ երիտասարդը. նա առիթ էր որոնում խոսելու իր քրոջ մասին։ Սառայի պատմությունից հետո, թե Վարդանը և Լալան սիրում են միմյանց, նա միշտ սպասում էր, թե Վարդանը վերջապես կհայտնի իր սերը, որովհետև Հայրապետից ավելի մտերիմ մարդ չուներ նա այս տան մեջ։ Բայց Վարդանը այժմ, կարծես, մոռացավ Լալային, և լսելով Հայրապետի խոսքերը պարոն Դուդուկջյանի մասին, նա սաստիկ մտատանջության մեջ ընկավ։ Նա վեր կացավ, կամենում էր դուրս գալ օդայից։

— Ո՞ւր ես գնում,— հարցրեց Հայրապետը։

— Գնում եմ պտռելու պարոն Դուդուկջյանին,— ասաց նա,— դու իզուր բաց թողեցիր նրան, Հայրապետ, նա շատ անփորձ տղա է։

Երկուսը միասին դուրս եկան օդայից։

— Անցնենք ախոռատունը,— ասաց Վարդանը,— քանի օր է չեմ տեսել իմ ձիերին։

Նրանք սկսեցին դիմել դեպի ախոռատունը։ Բակում Վարդանը պատահեց Լալային, որ նստած պարտիզի միջով հոսող վտակի ափի մոտ, լվացվում էր։ Երևի նա էլ նոր էր զարթնել քնից։

— Բարի լույս, Ստեփանիկ,— գոչեց հեռվից Վարդանը։