Լալան ոչինչ չպատասխանեց, միայն գլխի շարժումով ընդունեց նրա ողջույնը և խորհրդավոր կերպով ժպտեցավ։ Ախոռատան մեջ կապած էին Վարդանի երեք ուժեղ ձիաները, որոնցից մեկը իրանն էր, իսկ մյուս երկուսի վրա նստում էին նրա երկու ծառաները` Սաքոն և Եղոն,— երկու հսկա Տղամարդիկ, որ միշտ անբաժան ուղեկիցներ էին Վարդանի հետ:
— Սաքո,— ասաց նա ծառաներից մեկին,— այսօր ձիաները նայել կտաս և ամեն ինչ կպատրաստես ճանապարհի համար, մենք երկար չենք մնալու այստեղ։
Հետո նա մոտեցավ ձիաներին, ձեռքը քսեց նրանց գեղեցիկ պարանոցի վրա, և լուռ նայում էր, կարծես, կամենալով գիտենալ, թե բավական հանգստացե՞լ են, կարո՞ղ են մի քանի օրվա ճանապարհը մի գիշերվա մեջ անց կենալ:
Հետո նա հրամայեց ձիաներից մեկը թամքել որը շուտով պատրաստեցին, նստեց Հայրապետից հարցնելով.
— Ո՞ր կողմը գնաց պարոն Դուդուկչյանը:
Հայրապետը ցույց տվեց Հերան գնացած տեղը, և Վարդանը քշեց ձին դեպի այն կողմը։
Նրա հեռանալուց հետո Հայրապետը ընկավ տխուր մտածությունների մեջ. «Ի՞նչու է նայել տալիս Վարդանը իր ձիաները, այս ի՞նչ ճանապարհի պատրաստություն է, մի՞թե նա պիտի թողնե և գնա առանց Լալայի մասին մի բան խոսելու, առանց նրան բախտավորացնելու, և վերջապես ի՞նչու նա այնպես սաստիկ հոգածության մեջ ընկավ, երբ լսեց պարոն Դուդուկջյանի «երեխայական» վարմունքը»,— այս մտածությունները այն աստիճան պաշարերին նրան, որ բոլորովին շվարած մնաց։
Վարդանին ճանապարհ դնելուց հետո, երբ Հայրապետը վերադառնում էր տուն, նրան պատահեց իր կինը` Սառան, որ կաթի ահագին ամանը ձեռքում, գալիս էր փարախից:
— Ոչինչ չասա՞ց քեզ Վարդանը,— հարցրեց Սառան կանգնելով, և կաթի ամանը դնելով գետին։
— Չասաց,— պատասխանեց Հայրապետը տխուր ձայնով,— նա այժմ բավական ծածկամիտ է դարձել...
— Ես ամեն բան գիտեմ,— խոսեց Սառան ուրախությամբ,— նստիր, կպատմեմ քեզ։
Այր և կին նստեցին մի կամնասայլի վրա, որ ձգված էր բակի մեջ:
Սառան պատմեց, թե Լալան բոլորը խոստովանեց նրան, և