այս գիշեր, երբ տանեցիք քնած էին, նա պարտեզում գաղտնի տեսություն է ունեցել Վարդանի հետ։ Լալան չթաքցրեց այդ տեսության և ոչ մի մանրամասնությունը։ Վերջը Վարդանը ասել է Լալային, թե կխոսե նրա հոր հետ, եթե հայրը չհամաձայնվի Լալային իրեն տալ, կփախցնե և այնպես կտանե։
— Ուրեմն դրա համար հրամայեց ծառաներին պատրաստել ձիաներց,— խոսեց Հայրապետը, մատը կծելով։
— Ի՞նչ կա, թող փախցնե, թող տանե, ավելի լավ,— պատասխանեց Սառան,— եթե նա չտանե, անօրեն քուրդը խո կտանե։
— Ես ընդդեմ չեմ...— պատասխանեց Հայրապետը,— բայց... Խեղճ մարդիկ ուրիշ ժամանակ իրանց աղջկան կնահատակեին, կսպանեին, եթե դիտենային, որ նա գաղտնի տեսություններ է անում մի տղամարդի հետ, որ դեռ իր ամուսինը չէ։ Իսկ այժմ ակամա խոնարհվում էին դառն հանգամանքների առջև...
Ի
Վարդանը ամբողջ օրը ձիով ման եկավ, անցավ մի քանի գյուղեր, ամեն տեղ որոնելով Դուդուկջյանին։ Նրա հարցուփորձին պատասխանում էին, թե այ՛, տեսել են մի երիտասարդ երկայն կոշիկներով, եվրոպական հագուստով, լայն եզերյա սև գլխարկով, ահագին գավազանը ձեռին և տետրակներով լի պայուսակը կշտից քարշ գցած։ Եվ ամեն բերնից լսվում էր միևնույն կարծիքը, թե նա խենթ էր։
Երեկոյան Վարդանը վերադարձավ ծերունի Խաչոյի տունը առանց գտնելու թափառաշրջիկ երիտասարդին։
Ծերունի Խաչոյի հովիվներից մեկը պատմեց Վարդանին, թե նա տեսավ երիտասարդին հարևան գյուղում, և թուրք գյուղացիք հավաքված, նրան ծեծում էին. ինքը ճանաչեց, որ ծեծվողը իր աղայի հյուրն էր և աղատեց կատաղած գյուղացիների ձեռքից։
— «Ես մի այսպիսի բան սպասում էի»...— ասաց Վարդանը ինքը իրեն, և դառնալով դեպի Հովիվը հարցրեց,
— Ի՞նչու համար էին ծեծում։
— Ես չհասկացա, — պատասխանեց հովիվը, — ուզում էի նրան ավանակի վրա դնել և տուն բերել, բայց չընդունեց, ասաց,