ես իմ ոտով կարող եմ գալ: Ի՜նչ կգա, ոսկորների մեջ մի հատ էլ ողջ չի մնացել։
Այդ լուրը շատ տխրեցրեց Վարդանին. նա գիտեր, թե ինչ բան է թուրք գյուղացու մուշտին, մանավանդ երբ գործ է դրվում խեղճ հայի մարմնի վրա։
— Ո՞րտեղ թողեցիր նրան,— հարցրեց հովիվից։
— Կես ճանապարհի վրա։ Օրորվելով գալիս էր։
Դեռ օդայի մեջ ճրագը նոր էին վառել, երբ հայտնվեցավ պարոն Դուդուկջյանը, հոգնած և ոտքից ցգլուխ ցեխոտված: Վարդանը սպասում էր, որ նա իսկույն կսկսե պատմել գյուղացիների կոպիտ վարմունքը իր հետ, բայց այդ մասին նա ոչինչ չխոսեց, միայն նրա դեմքի վրա նկարված էր սաստիկ հուսահատություն դառն ատելության հետ։
Նա անցավ, և թեք ընկնելով պառկեց օդայի մի կողմում, թևքը դնելով բարձի վրա։
— Դուք կարո՞ղ եք տալ ինձ մի փոքր ծխախոտ,— խնդրեց նա Վարդանից։— Իմը սպառվել է։
— Իսկույն,— պատասխանեց Վարդանը և ծխախոտի տուփը տվեց նրան։
Նա դողդոջուն ձեռքով շինեց մի պապիրոս և սկսեց ծխել։
— Կատարյալ սֆինքս է, կատարյալ հանելուկ է այդ ժողովուրդը,— խոսեց նա ինքն իրան,— հա՛ մտածիր, հա՛ քննիր, դարձյալ չես կարող ճանաչել։ Նա կամ պատմություն չունի, կամ պատմության մի տգեղ, մի այլանդակ արտադրությունն է...
Նա լռեց, անդադար թողնելով իր բերնից պապիրոսի թանձր ծուխը։ Կարծես նրա հետ աշխատում էր ցրվել սրտի վրա ծանրացած թախծությունը։
Վարդանը նույնպես լուռ էր։ Եվ խորին կարեկցությամբ նայում էր այդ եռանդով լի երիտասարդի վրա, որ երևում էր նրան, որպես մի անփորձ թիթեռնիկ, որ խաղում է ճրագի հետ և իր անզոր թևիկների շարժումով աշխատում է հանգցնել նրա բոցերը...
Նույն միջոցին ներս մտավ ծերունի Խաչոն և քանի րոպեից հետո, ամեն գիշերվա սովորության համեմատ, հավաքվեցան նրա որդիները։ Թեև արևի մտնելուց դեռ մի ժամ էր անցել, բայց ընթրիքը շուտ տվեցին, որովհետև, իբրև մշակ մարդիկ նրանք պետք է շուտ ուտեին, շուտ քնեին և առավոտյան վաղ վեր կենային։
Ընթրիքի ժամանակ պարոն Դուդուկջյանը բավական խմեց և նրա սրտի տխուր տրամադրությունը փոքր ինչ ուրախ կերպարանք