ստացավ։ Նա մինչև անգամ երգեց «տեր, կեցո՛ դու զհայս» Թաղիադյանցի նշանավոր երգը։ Երբ սեղանը հավաքեցին, նա դարձավ ծերունի Խաչոյին, ասելով.
— Հրամայեցեք օդայի դռները փակեն և մեզ չխանգարեն, ես մի առանձին խոսելիք ունեմ։
Ծերուհին զարմացավ, թե ի՞նչ առանձին խոսելիք պիտի ունենա, և ասաց որդիներից մեկին, որ դռները փակե։ Բոլորը լռությամբ սպասում էին նրա խոսքին։
— Շուտով կհրատարակվի պատերազմ ռուսների և թուրքերի մեջ։ Գիտե՞ք այդ բանը,— հարցրեց նա։
— Մենք ոչինչ չենք լսել այդ մասին,— պատասխանեցին նրան ծերունին և իր որդիները։
— Ես գիտեմ,— ասաց Վարդանը,— մեր կողմերում ռուսները սաստիկ պատրաստություններ են տեսնում։
Այդ լուրը կայծակի նման հարվածեց խեղճ ծերունուն։ Նա իր կյանքում մի քանի անգամ տեսել էր ռուսների և թուրքերի մեջ եղած պատերազմները և դեռ չէր մոռացել նրանց սարսափելի հետևանքները հայերի վերաբերությամբ։ Իսկ Հայրապետը այժմ հասկացավ քուրդ տիկնոջ մի քանի օր առաջ Սառային հաղորդած խոսքերի գաղտնիքը, թե ի՞նչ նպատակի համար էր պատրաստում Ֆաթթահ-բեկը իր հեծելազորքը։
— Այո՛, պատերազմ կլինի,— խոսեց Վարդանը մի առանձին հեգնությամբ.— «ձին և ջորին պիտի կռվեն, իսկ մեջտեղում էշը կսատկի»...
— Այդպես է,— ասաց ծերունու մեծ որդին՝ Հայրապետը,— մեր կողմերի հայերը կտրորվեն, կոչնչանան պատերազմի փոթորիկի մեջ։
— Այդ ես էլ գիտեմ...— պատասխանեց ծերունին և նրա ձայնը խեղդվեցավ սրտի կսկծից։
— Լսեցեք,— ասաց պարոն Դուդուկջյանը։ Նա աշխատում էր այս գիշեր իր խոսքերը ավելի ռամկացնել և նրանց ավելի հասկանալի ձև տալ։— Այս պատերազմը մինչև այսօր թուրքերի և ռուսների մեջ եղած մյուս պատերազմների նման չէ, դա բոլորովին ուրիշ միտք և ուրիշ նպատակ ունի։ Դուք լրագիրներ չեք կարդում, իհարկե, չեք կարող գիտենալ, թե այժմ ինչ է գործվում աշխարհի մի ուրիշ մասում, որին կոչում են Բալկանյան թերակղզի։ Այնտեղ նույնպես կան քրիստոնյա ազգեր, որոնք այստեղի հայերի նման թուրքաց հպատակներ են և որոնք այստեղի հայերի նման դարերով