Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում են, «մինչև տղան լաց չլինի, մայրն էլ ծիծ չի տա»։ Հայերը իրանց լռությունով, իրանց համբերությունով և իրանց մեծահույս սպասելով ոչինչ չեն ստանա։ Հայերը պետք է բողոքեն։

— Այո՛, պետք է բողոքեն, — կրկնեց պարոն Դուդուկջյանը, — և այդ բողոքը պետք է հայտնվի նույն ձևով, որպես հայտնեցին մյուս քրիստոնյա ազգերը։

— Ուզում եք ասել, թե հայերն էլ պետք է կռվեն... — նրա խոսքը կտրեց ծերունին։

— Այո՛, այդ եմ ուզում ասել։ Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով որ արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են` դու ազատ լինելու իրավունք չունես։ Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել պետք է ցույց տան, թե իրանք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրանք ևս սպանել գիտեն։ Եվ այժմ ամենահարմար ժամանակն է։

Ծերունին մի դառն ժպիտ գործեց իր խորշոմած դեմքի վրա, պատասխանելով.

— Օրհնած, ինչո՞վ պետք է ցույց տան, թե քաջություն ունեն կամ սպանել գիտեն։ Թուրքերը հայերի մոտ մի դանակ անգամ չեն թողել, որ հարկավորած ժամանակ մի հավի վիզ կտրեն։

Պարոն Դուդուկջյանը դժվարացավ պատասխանել։ Վարդանը ասաց.

— Զենքեր, որքան կամենում եք, ես կտամ ձեզ, միայն կռվողներ լինեին։ Ձեզ հայտնի է իմ պարապմունքը, ես կանտրաբանտիստ եմ, ինձ ծանոթ են բոլոր անցքերը, բոլոր գաղտնի ճանապարհները այստեղ զենքեր անցկացնելու համար։

— Միայն զենքը բավական չէ, — խոսեց խոհեմ ծերունին,— դուք կարո՞ղ եք տալ այստեղի հայերին այն սիրտը, այն քաջությունը, որ ունեն մյուս քրիստոնյա ազգերը, որոնք այժմ պատերազմում են իրանց ազատության համար։ Զենքը ի՞նչ գործ կարող է կատարել մի ստրկացած ժողովրդի ձեռքում։

— Հեշտ չէ այսպես դատել ժողովրդի վրա, տանուտեր Խաչո,— խոսեց պարոն Դուդուկջյանը, — մեր ժողովուրդը բոլորովին չէ կորցրել ո՛չ իր սիրտը, ո՛չ քաջությունը և ո՛չ ազատության զգացմունքը։ Մի շարժառիթ, մի հարմար ժամանակ պետք է, որ դրանք հայտնվեն նրա մեջ։ Այժմ ամենահարմար ժամանակն է։ Ռուսները պիտի պատերազմեն թուրքերի հետ, թող հայերն էլ մի կողմից