գլուխ բարձրացնեն։ Ես հավատացած եմ, որ ռուսները ամեն կերպով կօգնեն մեզ։
Ծերունի Խաչոյի որդիները բոլորովին լուռ էին և ոչինչ չէին խոսում։ Նրանցից մեկը, որ կոչվում էր Հակո, որն իր եղբայրների հետ մի շաբաթ առաջ ունեցած խորհրդի մեջ հայտնեց այն միտքը, թե լավ է, որ իրանց քույր Լալան քուրդ բեկի կինը լինի, որովհետև դրանով կվայելեն իրանց հզոր փեսայի պաշտպանությունը,— այդ Հակոն, որ խորին տհաճությամբ լսում էր իր հոր և նրա երիտասարդ հյուրերի խոսքերը, դարձավ դեպի պարոն Դուդուկջյանը, ասելով.
— Եղբայր, քեզանից արյան հոտ է գալիս, մենք ոչ քո չարն ենք ուզում, ոչ քո բարին, էգուց առավոտյան շուտ վեր կաց, բանմանդ հավաքիր, և հեռացիր մեր տնից, թե չէ մեր գլխին մի պատուհաս կբերես...
Ծերունի Խաչոն սաստեց որդուն, որ լռե, և ինքը դառնալով պարոն Դուդուկջյանին ասաց.
— Դուք մի նեղացեք իմ որդու խոսքերից, նա չգիտե, թե ի՛նչ է խոսում։ Լսեցեք ինձ, ես ոչ կարդացել եմ և ոչ էլ իմանում եմ, թե ուրիշ երկրներում ուրիշ ազգեր ի՛նչ են շինում։ Բայց որպես երկրագործ մարդ, ես մի բան գիտեմ, մենք գյուղացիներս մինչև հողը չենք վարում, չենք փափկացնում և չենք պատրաստում, մեր սերմը չենք ցանում, որովհետև գիտենք, որ սերմը չի կանաչի, արմատ չի ձգի. միայն կծլի և ինքը իրան կչորանա: Այս բանը Քրիստոսն էլ է ասում իր սուրբ Ավետարանի մեջ, ես շատ անգամ եմ լսել եկեղեցում։ Հիմա, որդի, հողը պատրաստ չէ։ Ուզում եմ ասել, ժողովուրդը պատրաստ չէ։ Պետք էր քսան, երեսուն և գուցե հիսուն տարի առաջ պատրաստել հողը։ Երբ այս նախապատրաստությունները կատարված կլինեին, այժմ ձեր սերմերը բարերեր երկրի վրա կընկնեին, կբուսնեին, կկանաչեին, կաճեին, կհասունանային և մեկին հարյուր և մեկին հազար պտուղ կտային։ Ախար մի օրվա մեջ բան չի դառնա։ Ախար մենք գիտենք, որ ցանքի վրայից մի քանի եղանակներ են անցկենում, մի քանի տաք և ցուրտ եղանակներ մինչև հունձքը հասունանում է: Մենք գիտենք, որ ցանքը համբերում է և դանակների զանազան տեսակ խստություններին, երբեմն փոթորիկը նրան հանգստություն չէ տալիս, երբեմն կարկուտը ծեծում է և երբեմն ձյունը սառցնում է, իսկ երբեմն արեգակի կենսատու ճառագայթները նրան ջերմացնում են, մի խոսքով, ցանքը հազար ու մեկ փորձանքների միջից անցնելով վերջապես