Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է երկրագործի բաղձանքը... Այսպես էլ ժողովրդի սրտի մեջ սերմանած ցանքի վրայից պետք է անց կենան ժամանակներ, մի քանի խաղաղ և փոթորկալից ժամանակներ, մինչև հունձը կհասունանար...

— Շատ գեղեցիկ օրինակ է, — պատասխանեց պարոն Դուդուկջյանը,— ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ։ Բայց մի ուրիշ բան կա այն ևս պետք է ի նկատի ունենալ։ Ես այժմ ձեզ հետ պետք է ձեր ձևով` երկրագործի և անասնապահի լեզվով խոսեմ, այդ լեզուն ավելի հասկանալի կլինի ձեզ։ Թողեցեք մի անգամ ձեր ցանքը առանց քաղhան[1] անելու, և կտեսնեք, որ վայրենի խոտերը կաճեն, կբազմանան, կխեղդեն նրանց և իրանք կբռնեն նրանց տեղը։ Ձեր սերմանած բույսերը կոչնչանան։ Դա մի տեսակ կռիվ չէ՞, որով ավելի զորեղը սպանում է անզորին։ Բոլոր բույսերի մեջ նկատվում է այդ կռիվը, այդ պատերազմը, որով մինը մյուսին աշխատում է ճնշել, ոչնչացնել, որ կարողանա պահպանել իր գոյությունը։ Եվ որն որ կռվելու, մաքառելու և մրցելու ընդունակություն չունի, նա զրկվում է կյանքից։ Այդ ընդունակությունը ուրիշ խոսքով կոչվում է անձնապաշտպանություն։ Անձնապաշտպանության վարժապետը ինքը բնությունն է։ Բնությունը բոլոր էակներին, որոնք աճելու և բազմանալու ունակություն ունեն, տվել է իրանց նմանների հետ կռվելու ընդունակություն մեկին շատ, մյուսին սակավ։ Ծառերը, խոտերը, անասունները և մարդիկ ևս ունեն այդ ընդունակությունը։ Միայն քարերը, փայտերը, մեռած մարմինները մնում են անշարժ և իրանց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն։ Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և այդ բնական կռիվը։ Դա կյանքի կռիվ է, որի մեջ ամեն մի էակ ոչ միայն աշխատում է պահպանել իր գոյությունը, այլ աշխատում է և ոչնչացնել իր թշնամիներին, որպեսզի իր աճելությունը ապահով և անարգել կերպով կատարվի...

— Այժմ, կարծեմ, դուք հասկանում եք իմ միտքը, — շարունակեց նա։ — Բնության մեջ ինչ որ կատարվում է բույսերի և անասունների կյանքում, նույնը կատարվում է և մարդկային կյանքում։ Այստեղ ևս հանդիսանում է նույն կռիվը միայն ավելի սաստիկ և ավելի բազմատեսակ կերպով։ Ազգերի կրթության և ընդունակության համեմատ փոփոխվում են նրանց անձնապաշտպանության

  1. Քաղհան անել նշանակում է ցանքի միջից ավելորդ և վնասակար խոտաբույսերը արմատախիլ անել։