Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սերունդը պետք է ճանճեր համարել։ Հայի երկրի վրայով անցան Մանգուլխանի, Լենկ-Թեմուրի, Չինգիս-խանի, Հուլավունի և դրանց նման մարդկային հրեշների արյունարբու հրոսակները։ Նրանք անցան հեղեղների և փոթորիկների նման, ջարդեցին, ջարդվեցան, և վերջապես անհետացան, բայց հայը դարձյալ մնաց։ Այժմյան մոնղոլական Թուրքիան, աշխատելով սպանել արդյունաբերող և տերության գանձարանը լցնող հայերին, անգիտակցաբար սպառնում է ինքն իրան։ Նրա այժմյան ֆինանսական սնանկությունը այդ սպանության հետևանքն է։ Վաղեմի Թուրքիան ավելի լավ է հասկացել հայ տարրի օգտավետությունը իր պետության հաստատության համար։ Նա ոչ միայն առանձին հոգ էր տանում աշխատասեր հայ գյուղացու հանգստության համար, այլ պետության գանձային ամբողջ կառավարությունը հանձնել էր հայ դրամատերերի ձեռքը, և մեր սառաֆները ոչ սակավ անգամ ազատում էին պետությունը ֆինանսական ամենադժվարին ճգնաժամի ժամանակ։

Առավոտը մոտ էր լուսանալու, տակավին խոսում էին մեր տաք գլուխ խորհողները։ Հետո նրանք սկսեցին խոսել ինչ-որ պատրաստությունների և կարգադրությունների մասին։ Երբ խորհուրդը ավարտված էր, պարոն Դուդուկջյանը հանեց իր ծոցից երեք այցատոմս, և տալով իր բարեկամներին, ասաց.

— Ես բոլորովին հավատում եմ ձեզ. այժմ դուք կարող եք գիտենալ իմով լինելը և իմ իսկական անունը։

Այցատոմսի վրա ֆրանսիական գեղեցիկ տառերով տպված էր Լ. Սալման։

— Պարոն Լևոն Սալմանի հայրը՝ Թորոս Չելերին[1] մահմեդականություն ընդունած հայ կաթոլիկ էր։ Թե ինչ հանգամանքների պատճառով նա փոխեց իր կրոնը, դա մի երկար պատմություն է։ Մենք այսքանը միայն կասենք, որ Թորոսին մեղադրեցին մի թուրք օրիորդի հետ հարաբերություններ ունենալու մեջ, և նա սպանումից ազատ մնալու համար ստիպվեցավ մահմեդականություն ընդունել և ամուսնանալ գեղեցիկ Ֆաթիմայի հետ,— այսպես էր օրիորդի անունը։ Լևոնի ծնունդից հետո Ֆաթիման վախճանվեցավ փոքրիկ երեխան մնաց հոր խնամատարության ներքո, որին սաստիկ տանջում էր այն միտքը, որ իր զավակը կկրթվի և կմեծանա իրան ատելի դարձած մի օտար կրոնի մեջ։ Սալմանը (մահմեդականացած Թորոս Չելերին) թողեց իր հայրենիքը՝ Անգուրիան և

  1. Չելերի կոչում են թուրքերը հայ և հույն վաճառականներին