անձնավորությունը, ոչ այն պատճառով միայն, որ ինքը իրրև բեռնատար պարտավոր էր պատվել իր վեր առած բեռների տիրոջը, բայց գտնում էր նրա մեջ մի ուրիշ բան, որ իսկապես հարգելի էր։
Ամեն մի խան (քարվանսարա) իջևանելիս պանդոկապետները խիստ գոհ էին մնում Մելիք—Մանսուրից. նա բավական առատաձեռն էր և ոսկին շաղ էր տալիս աջ ու ձախ։
— Դուք դրանց փչացնում եք,— նկատում էր հաջի Միսաքը,— մյուս անգամ մեզ անհնար կլինի այդ ավազակներից մի բաժակ ջուր խնդրել։
— Վնաս չունի, — պատասխանում էր նա ծիծաղելով,— ոսկու փայլը կուրացնում է մարդկանց աչքերը…
Կարավանը անվտանգ անցավ Արզրումից և մի շաբաթից հետո մտավ Բայազեդի գավառը։ Այստեղ Մելիք— Մանսուրի բեռները սկսեցին հետզհետե փոխվել։ Արկղները գիշերով անհետանում էին և նրանց փոխարեն ստացվում էին ուրիշ հակեր, բոլորովին այլ տեսակ մթերքներով։ Այդ փոփոխությունները պատահում էին, երբ քարավանը իջևանում էր այս և այն հայաբնակ գյուղի մեջ։ Երբեմն հայտնվում էին Մելիք—Մանսուրի մոտ մի տեսակ անծանոթ մարդիկ—ինչ—որ անհասկանալի լեզվով խոսում էին նրա հետ և անհետանում էին։
Վերջապես քարավանը մոտեցավ Տաճկաստանի և Պարսկաստանի սահմանին։ Նա անցավ սահմանը և ոտք կոխեց պարսից հողի վրա։ Բայց մինչև այստեղ հասնելը և՛ «Պերսիա», և՛ «Թեհրան» մակագրությամբ արկղներից ոչ մեկը չէր մնացել հաջի Միսաքի ջորիների մեջքի վրա, և ինքը՝ Մելիք—Մանսուրը՝ կեղծ վաճառականը անհետացել էր…
Ծերունի Խաչոյի տան մեջ կյանքի սովորական եղանակը, որ ուներ նա վերջին օրերում, բավական փոփոխություն էր ստացել: Պարոն Սալմանը (տանեցիք դեռ նրան պարոն Դուդուկջյան էին կոչում) շատ անգամ տանը չէր գտնվում։ Նա և Վարդանը երբեմն հեռանում էին Օ… գյուղից և օրերով չէին վերադառնում։ Հայրապետը և Ապոն այժմ խիստ մտախոհ և ծածկամիտ էին դարձել։ նրանց մյուս եղբայրներին արդեն անտանելի էր դարձել երկու