Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարերով տանջվեցավ, բթացավ և զրկվեցավ հասարակական մարդ լինելուց, բայց մյուս կողմից, նա իր այդ բանտարկության մեջ պահպաներ հայությունը։ Դա մեծ գործ է։ Որքան տղամարդը դրսում մահմեդական տարրի ազդեցության ներքո կորցնում է իր ազգային առանձնությունները, այնքան կինը կանանոցի մեջ, հեռու մնալով այդ ազդեցությունից, պահպանում էր ազգայնությունը։ Այսպիսով անգիտակցաբար պահպանվում էր մի մշտական հավասարակշռություն։ Տղամարդի կորստի տեղը լցնում էր կինը։ Այդ կարելի է տեսնել ամենահասարակ մանրամասնությունների մեջ անգամ։ Կնոջ զզվանքը դեպի մահմեդականությունը հասնում է սարսափելի մոլեռանդության, ամեն ինչ, որ դուրս է գալիս մահմեդականի ձեռքից, նա պիղծ է համարում, նրա մորթած միսը, նրա մակարդած պանիրը, նրա թխած հացը չէ ուտում։ Բայց տղամարդիկ այսպիսի խստություններ չգիտեն։ Ես լսել եմ հարյուրավոր պատմություններ, որ մահմեդականներից հափշտակված կինը, աղջիկը կամ վերջապես փախչում է, կամ եթե չէ հաջողվում, անձնասպան է լինում։ Բայց տղամարդի վերաբերությամբ այս տեսակ օրինակներ խիստ սակավ են։ Կա մի ուրիշ բան ևս, որ ամենագլխավորն է, շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերնում բոլորովին սովորական է դարձել, բայց ես չտեսա մի կին, որ թուրքերեն խոսեր, կամ գոնե գիտենար այդ լեզուն։ Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը կինն է։ Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ։ Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում։ Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական հիմունքը։ Այժմ նա մի անարատ, չապականված և անմշակ նյութ է մեր ձեռքում, որից կարելի է հրաշալի բան շինել։

Այսպիսի և դրա նման մտածություններ վերջին օրերում պարոն Սալմանի սովորական խոսակցության առարկան էին։ Բայց չնայելով, որ նա այնքան լավ կարծիք ուներ հայ կնոջ մասին, ծերունի Խաչոյի տան կնիկները նրան չէին համակրում։ Հասկանալի՛ է, որ նրա ներքին, բարոյական և մտավոր արժանավորությունները նրանք ճանաչել կամ գնահատել անկարող էին, բայց պարոն Սալմանը իր արտաքին կեղևի մեջ նույնպես ուներ շատ բան, որ կարող էին գրավել ամեն մի կնոջ ուշադրությունը։ Բայց կինը զարգացման զանազան աստիճանի և ժողովրդի զանազան դասերի մեջ տարբեր ճաշակներ ունի տղամարդի արժանավորություները