Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր կյանքի դառնությունները, թեև տասը տարուց ավելի էր, որ չէր տեսել նրան։

Ահա՜ ինչ էր պատճառը, որ նա այնքան անզգա էր դարձել դեպի իր շրջակայքը կատարվող գործողությունները, և որպես մի չար դևից հալածվելով, ակամա մղվում էր դեպի առաջ, ոչ մի տեղ հանգիստ չառնելով: Բայց բնությունը պահանջում է իրը. քանի օր էր, որ նա ամենևին քնած չէր, մի քանի օր շարունակ նա ճանապարհի վրա էր գտնվում, նրա ուժերը սպառվել էին և նա սկսել էր թուլանալ։ Եվ երբ նա բարձրացավ բլուրի վրա, նստեց այնտեղ, որ մի փոքր հանգստանա, հանկարծ ակամա կերպով նրա գլուխը ծանրացավ, աչքերը փակվեցան և ընկավ փափուկ խոտերի վրա։— Դա քուն չէր, այլ մի տեսակ թմրություն, որ տիրում է մարդուն և արթնության ժամանակ, երբ սաստիկ տանջված է լինում, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես։

Դ

Արուսյակը դեռ նոր էր բարձրացել հորիզոնի վրա, դեռ նոր արշալույսի եզերագիծը սկսել էր կարմրել, երբ նա արթնացավ։ Երիտասարդը ամբողջ մարմնով դողաց, երբ նկատեց, որ կորցրել է գիշերի մեծ մասը, երբ կարող էր բավական ճանապարհ կտրել: Նա շտապով վերցրեց հրացանը և նիզակը, շարունակեց իր ուղին:

Անցնելով Աղբակա լեռնադաշտերը, նա տեղ-տեղ նկատում էր հայոց գյուղորայք, որ դեռ ծխում էին վաղորդյան մառախուղի միջից։ Այս ծուխը նման չէր այն ծուխին, որ առավոտները վեր է բարձրանում խաղաղասեր շինականի խրճիթի երդիքից. դա մի չարագուշակ ծուխ էր, որ երբեմն խառնվում էր հրեղեն բոցերի հետ։ Նա անցավ գյուղերից մեկի մոտով և տեսավ որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել և այստեղ ու այնտեղ ընկած էին արյունով ներկված կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ։ Նա զգաց բոլոր զարհուրանքը այն երևույթների, որ նույն գիշերն իր համար մնացել էին անբացատրելի։— Կրակները, որ նրան գիշերային խավարի մեջ սարսափեցնում էին հայոց հրդեհված գյուղորայք էին։

Այս սոսկալի տեսարանները, որ ամեն մարդու վրա կարող էին ունենալ կայծակի ներգործություն, նրան շատ հասարակ երևացին․