Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շերիֆը», և շուտով կհրատարակվի սրբազան պատերազմը, և ամբողջ իսլամը պետք է սուր բարձրացնե քրիստոնյաների դեմ...

Այդ բոլորը մեծ հոգսեր պատճառեցին պարոն Սալմանին, որին լավ հայտնի էր այդ կատաղի շարժումների նշանակությունը և նրանց սարսափելի հետևանքը տեղային հայերի վերաբերությամբ։

— Շուտով կկրկնվեն այստեղ Բոլգարիայի կոտորածները,— ասաց նա մի առավոտ Վարդանին,— պետք է շտապենք նախապատրաստել ժողովուրդը անձնապաշտպանության համար։

— Ես էլ մի այսպիսի բարբարոսության հոտը զգում եմ...—պատասխանեց Վարդանը։

Այսպես խոսելով, նրանք դուրս եկան ծերունի Խաչոյի տնից և դիմում էին դեպի տեր֊Մարուքի տունը, որի հետ միտք ունեին վերջացնել դպրոցների վերաբերությամբ մի քանի օր առաջ կարգադրված խորհուրդը, այսինքն` որպես Վարդանը ասաց, ուզում էին տերտերի «բերնին մի փոքր յուղ քսել», որ նա լռե, նրա փեսա տիրացու Սիմոնին փորձել այժմ որպես հսկող բանվորների վրա, իսկ ապագայի համար խոստանալ մի պաշտոն նոր բացվելիք դպրոցների մեջ։

Նրանց ականջին զարկեց մի ձայն, գյուղի միջով անց էր կենում մի անծանոթ չարչի, և իր վաճառքների անունները մի առ մի կարդալով, գնողներ էր հրավիրում։

— Սիրուն աղջիկներ, կարմիր հարսներ, ինձ բերեցեք ձեր փարաները, ես կտամ ձեզ լավ ասեղներ, գույն-գույն թելեր, ոսկի մատնոցներ։

Չարչին մի վիթխարի մարդ էր, ոտքից գլուխ հագնված ցնցոտիների մեջ։ Նրա վաճառքների ահագին արկղը, որ կրած ուներ թիկունքի վրա, համեմատելով նրա մարմնի մեծությանը, նույն տպավորությունն էր գործում, որպես մի փոքրիկ մաղ քարշ ընկած լիներ ուղտի կողքից։ Չարչին ձախ ոտքից սաստիկ կաղում էր. և ամեն անգամ, երբ օրորվում էր նա դեպի ձախ կողմը, կարելի էր մտածել, որ իսկույն ցած կգլորվի այդ Գոլիաթը, բայց ձեռքի ահագին գավազանը նեցուկ տալով, պահպանում էր իր իրանի հավասարակշռությունը։

Պարոն Սալմանը, լսելով նրա ձայնը, կարծես մի էլեկտրական ցնցում զգաց իր սրտի մեջ, կարծես աշխարհի բոլոր բերկրությունները միանգամից լցրել էին նրա հոգին։ Ի՞նչ կապ կար որ Սալմանի և այդ թափառականի մեջ։ Չարչին դեռ շարունակում էր