Սալմանը,— բայց ո՞վքեր են այդ «մենք», որ առանձին կերպով շեշտեց Թոմաս էֆենդին։
Նա շարունակեց.
— Ես հոգով չափ ուրախացա, երբ լսեցի ձեր դիտավորությունների մասին, պարոն Դուդուկջյան, և այս պատճառով դիմեցի ձեզ հայտնելու իմ առանձին շնորհակալությունը։ Մեր ժողովուրդը խավարի մեջն է. պետք է դուրս բերել նրան դեպի լույս աշխարհ։ Դպրոցը միայն կփրկե նրան։ Մի քանի օր առաջ պատահած անկարգությունները թող չվհատացնեն ձեզ. ամեն բարի գործի սկիզբը դառնությամբ է լինում։ Դուք իմ մեջ, որպես ձեր հայրենակցի մեջ, կգտնեք համակրություն և ձեռնտվություն։ Ընդունեցեք իմ փոքրիկ ծառայությունները։ Ես այսօր մի գործով գնում եմ մերձակա գյուղը, առավոտյան կվերադառնամ, և ինքս անձամբ կկանգնեմ, բաց անել կտամ դպրոցների հիմքը։ Այստեղ ոչ ոք չի գտնվի, որ Թոմաս էֆենդուն ընդդիմություն գործե։
— Շնորհակալ եմ, էֆենդի,— պատասխանեց պարոն Սալմանը,— դուք այնքան շատ զբաղմունքներ ունեք, որ ես չէի ցանկանա խլել ձեր թանկագին ժամանակը։
— Այդ ոչինչ,— ասաց կապալառուն մի առանձին բավականությամբ,— բարի գործի համար ես միշտ ժամանակ ունեմ։
Նա ձեռք տվեց երկու երիտասարդներին և հեռացավ:
— Լի՛րբ... խաբեբա՛... — ասաց նրա ետևից Վարդանը։
— Կարելի է օգուտ քաղել այս տեսակ մարդերից,— պատասխանեց պարոն Սալմանը։
— Միթե հավատո՞ւմ եք նրա խոսքերին։ Ով գիտե ի՞նչ սատանայական նպատակներ ունի։
Երկու երիտասարդները արդեն հասել էին տեր-Մարուքի տանը և ծեծում էին դուռը։
— Սիրուն ասեղներ... գույն-գույն թելեր... լավ հուլուններ...— լսելի եղավ կաղ չարչու ձայնը, որ անց էր կենում մյուս փողոցից։
— Վարդան, թողնենք այսօր տերտերի մոտ գնալը,— ասաց նրան պարոն Սալմանը։
— Ինչո՞ւ,— հարցրեց Վարդանը։
— Ինձ պետք է այդ չարչուց մի քանի բաներ գնել...
Վարդանը սկսեց ծիծաղել իր ընկերի անտեղի ցանկության վրա։
— Եկեք, ուրիշ բան կա...— ասաց նրան պարոն Սալմանը: