Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի մի եղանակով, որ Վարդանը չէր կարող կասկածել նրա առաջարկության կարևորության վրա։

Երկու երիտասարդները թողեցին տերտերի տունը, անցան մյուս փողոցը և հեռվից սկսեցին հետևել չարչուն։ Նրա ետևից ընկած էին մի խումբ գյուղական երեխաներ և գոռում էին.— Մեզ մաստաք տո՛ւր, մաստաք տո՛ւր։ Նա հանեց մի կտոր մաստաք և բաժանեց երեխաներին։

— Ես այդ մարդուն մի շաբաթ առաջ տեսա, այսպես ման էր գալիս Վանա գյուղորայքում, —ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հարևանին։

— Այդ չարչիները ամեն տեղ թափառում են,— պատասխանեց հարևանը,— բայց ինչ սարսափելի դեմք ունի, նայիր, Գրիգոր, ես չէի ցանկանա դրան գիշերով տեսնել, կարծես չար սատանա լինի։

Կաղ չարչին պտտելով բոլոր փողոցները երբեմն կանչում էին նրան այս և այն տունը մի բան գնելու և ամբողջ ժամերով պահում էին, իսկ երբեմն հենց փողոցի վրա բաց էին անել տալիս նրա արկղը, և գյուղացի կնիկները հավաքված նրա շուրջը, երկար ու բարակ բազար էին անում։ Այսպես, մինչև երեկո նա հազիվ կարողացավ վերջացնել իր առևտուրը, և մութը պատել էր արդեն, երբ դուրս եկավ գյուղից: Նա թողեց ուղիղ ճանապարհը, որ տանում էր դեպի հարևան գյուղը, և սկսեց դիմել դեպի մի խրամ, որ բավական խորն էր ընկած գարնան հեղեղներից, իսկ այժմ ցամաքել էր։ Նրա ընթացքի մեջ այժմ կարելի էր տեսնել մի նոր փոփոխություն, քայլերը դանդաղ էին որպես առաջ, որովհետև, ինչպես երևում էր, շալակած արկղը սաստիկ ծանր էր։ Բայց այդ մարդը ամենևին կաղ չէր, թեև ցերեկով այնպես էր ձևացնում։ Նա սկսեց իջնել խրամի մեջ։ Այնտեղ ցած դրեց իր բեռը, և ձախ ձեռքի երկու մատը շրթունքի վրա դնելով, խորհրդավոր ձայնով մի քանի անգամ շվացրեց։ (Ձեռքի մնացած մատները կտրած էին)։ Քանի րոպեից հետո խրամի մեջ հայտնվեցան Վարդանը և պարոն Սալմանը։ Վերջինը զրկեց չարչիին և երկար չէին բաժանվում միմյանցից։

— Հիմա նստենք,— ասաց պարոն Սալմանը,— պատմի՛ր, լա՞վ առևտուր ունեցար...

— Շա՜տ լավ... — պատասխանեց չարչին ուրախ ձայնով,— Վասպուրականի մեծ մասը հեղեղեցի իմ վաճառքներով...

— Իհարկե առանց փողի...

— Առանց փողի... ես իմ վաճառքները ձրի էի բաժանում...