Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծես նա գիտեր, թե այսպես պետք է լիներ, կարծես հա առաջուց որպես մարգարե հոգվոց աչքերով տեսել էր բոլոր գալոցը իր արյունալի պատկերներով։ Եվ նա առաջուց երկար կարդալով իր երեմիականը, նրա սիրտը կոշտացել էր, նրա աչքերում արտասուք չէր մնացել այժմ կատարված իրողության վրա ողբալու։ Եվ այս պատճառով նա, կարծես, անտարբերությամբ էր նայում այն ավերակներին, այն կոտորածի կույտերին, ուր կին, աղջիկ, երեխա, ծեր և տղամարդ ընկած էին մինը մյուսի վրա:

Զարմանալի բան է մարդկային սիրտը. շատ անգամ նմանում է մի անսահմանության, որ ամփոփում է իր մեջ ամբողջ տիեզերքը, շատ անգամ նմանում է մի լիքը անոթի, որի մեջ գտնված նյութը ընդդիմահարում է, տեղի չէ տալիս մի ուրիշին զետեղվելու։ Եվ ավելի բացասական է լինում նա, երբ լցված է լինում սիրով: Ամեն մի նոր ներմուծություն դատարկ տեղ է որոնում, բայց նրա սիրտը դատարակ չէր...:

Նա կրկին և կրկին նայեց ծխացող ավերակներին և անցավ: Իր ճանապարհի վրա շատ անգամ հանդիպում էին այնպիսի ծխացող ավերակներ, շատ անգամ երևում էին նրան մոխիր դարձաց գյուղեր և շատ անգամ նա տեսնում էր՝ կամ բոլորովին անշնչացած, կամ իրանց տաք արյան մեջ թավալվող դիակներ, և այդ բոլորը նրա վրա միայն րոպեական ազդեցություն էր անում:

Արշալույսը այժմ սկսել էր ավելի պայծառ բոցավառվել և արևի կարմիր-ծիրանագույն շառավիղները դեռ նոր ցոլանում էին ձյունի պես սպիտակ ամպերի վրա, տալով նրանց քրքումի գույն։ Բայց ձորերի մեջ տակավին լույս չկար։ Երիտասարդը դեռ շարունակում էր իր ճանապարհը զարտուղի շավիղներով։ Սարի այծը միայն կարող էր անցնել այն սարսափելի ելևէջները, այն նեղ կիրճերը և այն ժայռոտ գահավեժները, որոնց միջով գնում էր նա։ Նա դիմում էր ուղղակի դեպի Երեսան գյուղը։ Վերջապես հասավ այնտեղ։ Կրակը և սուրը ոչնչացրել էր թե՛ մարդ և թե՛ բնակություն։ Այստեղ նա երկար շրջում էր ընկած դիակների մեջ, և կարծես մի բան որոնում էր նրանց մեջ։ Հետո նա կանգ առեց մի ծխացող խրճիթի առջև, խորին լռությամբ նայում էր նրա վրա։ Այս տնակի մեջ անցել էր նրա մանկությունը, այստեղ էին բնակվում նրա ծնողքը, քույրերը և եղբայրները, որոնք այժմ չկային...: Այս ցավալի տեսարանը քամեց նրա աչքերից մի քանի կաթիլ արտասուք, որոնք գլորվեցան գունաթափ երեսի վրա։

Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան