Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր։ Մի կողմից արաղի ազդեցությունը, մյուս կողմից էֆենդու խոստմունքները, թե նրան գործ և պարապմունք կտա, այն աստիճան տաքացրին, այն աստիճան ուրախացրին Օհոյին, մինչև իրան մոռանալով, նա սկսեց երգել զանազան թուրքերեն երգեր:

— Դրանով բան չի դառնա,— ասաց էֆենդին, և հրամայեց գզիրին, որ գնա, «չալկիներին» կանչե։

«Չալկիները» մի խումբ տեղային հայ երաժիշտներ էին, որ երգում էին և ածում էին զանազան ասիական նվագարանների վրա։ Դրանք անբաժան հետևում էին էֆենդուն, ինչ գյուղ որ նա գնում էր, որովհետև գիտեին, որ էֆենդին գիշերները առանց «քեֆի» չի անցկացնի, նրան կզվարճացնեն և նրանից փողեր կստանան։

Շուտով հայտնվեցան «չալկիները», գլուխ տվեցին և շարվեցան սեղանի շուրջը։ Տանտիկինը այժմ ստիպված էր կերակուրների քանակությունը ավելացնել։

Էֆենդին բարեհաճեց հարցնել «չալկիների» առողջությունը։

— Ձեր շնորհիվ ամենքս էլ լավ ենք,— պատասխանեցին նրանք:

Երբ կերան, խմեցին, կշտացան, Վառվառեն կրկին դուրս եկավ իր թաքստի տեղից և սկսեց սեղանը հավաքել։ Բայց արաղի մեծ ամանը անշարժ մնաց իր տեղում։ Նա արդեն մի քանի անգամ դատարկ գինետուն էր գնացել և լիքը ետ դարձել։ Բաժակները շարունակ պտտվում էին: «Չալկիների» գլուխներն էլ տաքացան։

— Հիմա սկսեցեք,— հրամայեց էֆենդին։

Նրանք սկսեցին։ Փոքրիկ խրճիթը կենդանացավ ասիական երաժշտության խառնաշփոթ և աղմկալի հնչյուններով։

Էֆենդին գտնվում էր իր սրտի ամենաախորժ տրամադրության մեջ։

Քանի րոպեից հետո արհեստավոր Պետրոսի խրճիթի շուրջը և կտուրի վրա հավաքվեցան դրացի կնիկները, աղջիկները և սկսեցին երդիկներից ու լուսամուտներից նայել և զվարճանալ նվագածության ձայներով։ Ոչինչ այնքան չէ ուրախացնում գյուղացի կնոջը, որպես երաժշտությունը, որին նա շատ կարոտ է մնում, միայն ձմեռը հարսանիքների Ժամանակ լսելու բախտ ունենալով։

Փոքր առ փոքր «մեջլիսը» տաքացավ և ավելի բաղադրյալ կերպարանք ստացավ։ Արաղի արբեցության և «չալկիների» նվագածության ձայների հետ տիրեց ընդհանուր խառնակությունը։ Ինչպես ասում են` «Շունը էլ իր տիրոջը չէր ճանաչում»։ Ամեն մարդ