Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ շատ լավ սովորություն է,— ձայն տվեցին երաժիշտները,— պետք է այստեղ էլ մտցնել այդ սովորությունը։

— Վառվառե, դու պիտի լինես առաջին օրինակը,— ասաց նրան էֆենդին,— դե՛, մոտեցի՛ր, զավակս։

Վառվառեն ամոթխածությունից բոլորովին շփոթվեցավ և անշարժ մնաց իր տեղում։ Նա ավելի բարվոք էր համարում, որ գետինը պատռվե և իրան կուլ տա, քան թե գլուխը մի օտար մարդու գրկում դնե։ Բայց ամեն կողմից նրան բոթեցին, քաշքշեցին ասելով, աղջի, գնա՛, մի ամաչիր, քեզ բան կտա, և վերջապես նրան տարան էֆենդու մոտ և նա ստիպվեցավ իր գեղեցիկ գլուխը դնել էֆենդու ծնկների վրա։ Էֆենդին փայփայեց Վառվառեի սիրուն գիսակները և դրեց նրա ափի մեջ երկու ոսկի։

Մինչև էֆենդին այսպիսի քեֆերով էր զբաղված, ներս մտավ նրա զափթիաներից մեկը, մոտեցավ և ականջին ասաց.«Այն մարդին, որի համար պատվիրած էիք, գտանք»։— «Բռնեցեք և ամենայն զգուշությամբ պահեցե՛ք մինչև ես առավոտյան կարգադրություն կանեմ», հրամայեց էֆենդին անլսելի ձայնով։

Զափթիան հեռացավ։

Ի՞նչ մարդու համար էր այդ կարգադրությունը,— ոչ ոք չհասկացավ։

Արդեն գիշերից բավական անցել էր։ Արհեստավոր Պետրոսի խրճիթը փոքր առ փոքր դատարկվեցավ։ Երաժիշտները հեռացան։ Դրացի Օհոյին արբեցությունից բոլորովին անզգա իր տունը տարան։ Բազմությունը ցրվեցավ։

Արհեստավորի խրճիթի մեջ մնաց միայն պատվելի հյուրը գզիրի հետ, որը այնքան խմել էր, որ ունեցած մի հատիկ աչքն էլ ոչինչ չէր տեսնում։ Սուսանը անկողին պատրաստեց էֆենդու համար, ճրագները հանգցրին և բոլորը հանգստացան։

Այն գիշեր ի՞նչ էր պատահել,— աստված գիտե։ Բայց առավոտյան Վառվառեն շատ տխուր էր, և արտասուքը խեղճ աղջկա աչքերից մի քանի օր չէր ցամաքում...

Նույն գիշերվա առավոտյան պահուն, դեռ լույսը չբացված, այս գյուղի մեջ կատարվեցավ մի ուրիշ ցավալի անցք. մի երիտասարդի շղթաներով կապած, տարան զինվորական գործակատարի մոտ, որ նոր էր եկել այս կողմերում պատերազմական կարգադրությունների համար։

Գյուղացիներից ոչ ոք չտեսավ նրան,— միայն Թոմաս էֆենդին խավարի միջից, նրա ետևից նայելով, մի առանձին դիվական հրճվանքով